Կալանք կդրվի՞ Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքի և բանկային հաշիվների վրա

«Սա նոր ճանապարհ է, և մենք համոզված ենք, որ ոչ միայն նոր էջ ենք գրում հայ քաղաքականության և պետականության պատմության մեջ, այլև սա նոր գործընթաց է, որը բերելու է համակարգային փոփոխության, երկիրը մաքրելու է կրիմինալ տարրերից և նպաստելու է երկրի հզորացմանը, տնտեսության, մշակույթի զարգացմանը և հայավարի ապրելու գործին»,- այսօր մամուլի ասուլիսում ասաց «Հայրենիք և պատիվ» կուսակցության և «Հակակրիմինալ» հասարակական կազմակերպության ղեկավար Գառնիկ Մարգարյանը:

«Մենք տեղյակ ենք դեռ 1995 թ. խորհրդարանական և 1996 թ. նախագահական ընտրությունների մասին, գիտենք դրականը և բացասականը, որն ավելի շատ է։ Իսկ 2003թ. ես` որպես նախագահի թեկնածու, ուղղակի մասնակցել եմ 2003 թ. նախագահական ընտրություններին, բայց ոչ նախագահ դառնալու, այլ սոցուժերի միասնական թեկնածուին օգնելու նպատակով, ով, գիտեք, հետագայում որտեղ հայտնվեց: Հետագայում նաև մասնակցել ենք մի շարք համապետական ընտրությունների և եկել ենք հետևալ եզրահանգմանը, որ Հայաստանում ստեղծված իրավիճակում, այս ռեժիմի պարագայում անհնար է խոսել արդար ընտրությունների մասին: Մի քանի տասնյակ օլիգարխ, կրիմինալ էլեմենտներ զավթել են իշխանությունը և թույլ չեն տալիս, որ երկրում տեղի ունենան արդար ընտրություններ և վերականգնվի սահմանադրական կարգը: Այդ իսկ պատճառով երկրում լուծված չէ և ոչ մի խնդիր` սոցիալական, քաղաքացու իրավունքների պաշտպանության և տասնյակ այլ խնդիրներ, որոնք պատճառ են մասսայական արտագաղթի: Հայ մարդը կարծես լքում է 15 թվականը, փնտրում է մի կտոր հաց և աշխատանք և թողնում է սեփական օջախը և սրբությունները: Այդ իսկ պատճառով` մեր կուսակցությունը որոշել է, որ ընտրությունների  գնալն աննպատակ է։ Իշխանությունը վերարտադրվելու է և փորձելու է պահպանել իր հենարանը` կրիմինալ, օլիգարխիկ, կոռումպացված մի քանի տասյակ մարդիկ, այսօր անուններ չենք տալու, որովհետև ես ապագայում կասեմ, թե ինչ ենք անելու»,- ասաց «Հակակրիմինալ» հասարակական ղեկավարը` ավելացնելով, որ նշված նպատակով դեկտեմբերի 6-ին «Հայրենիք և պատիվ» կուսակցության կանոնադրության պահանջներից ելնելով` ստեղծվել է հակակոռուպցիոն խորհուրդ` բաղկացած 9 հոգուց: Գառնիկ Մարգարյանը նաև նշեց, որ հակակոռուպցիոն խորհուրդը կապեր է ստեղծել Եվրոպայում գործող շուրջ 60 հակակոռուպցիոն կազմակերպությունների հետ: «Այդպիսին գործում է նաև Ռուսաստանի Դաշնությունում, որի գործողությունների մասին, կարծում եմ, ձեզ հայտնի է»,- ասաց Գ.Մարգարյանը:

«Եվրոպական կառույցների օգնությամբ մենք կկարողանանք հաղթահարել և ոչ միայն հաղթահարել, այլ պատասխանատվության կանչել այն բոլոր «օլիգարխներին», ովքեր դեռ երեկ շարքային միլիցիոներից դարձել են միլարդատեր, կամ պահեստի բանվորի աստիճանից բարձրացել են մինչև ԱԺ պատգամավոր և նորից միլիարդատեր և այլն: Բայց սա լինելու է հիմնավոր, առանց որևէ մեկի արժանապատվությանը կպնելու»,- ասաց Մարգարյանը։ Նա տեղեկացրեց, որ հաջորդ շաբաթվա ընթացքում կազմակերպվելու է հեռուստակամուրջ Մոսկվայի հակակրիմինալ կազմակերպության հետ, որը գործում է ՌԴ նախագահին կից, ինչպես նաև աշխարհահռչակ քաղաքական գործիչների հետ:

Դիտարկմանը, թե ՀՀ նախագահը նույնպես իր ելույթում խոսել է հակակոռուպցիոն նախաձեռնության մասին, Գ.Մարգարյանը պատասխանեց, որ այդպիսի կառույց ստեղծվել է դեռ Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրոք`2004-ին, և դրա շրջանակներում «երկու տարին մեկ անգամ հավաքվում են ինչ-որ նիստերի և ինչ-որ ուռճացված ծրագրեր են առաջ քաշում, որն իրականության հետ ոչ մի կապ չունի»:

Իսկ  կոռումպացված գործիչների սև ցուցակի մասին «Հակակրիմինալ» կազմակերպության նախագահը նշեց հետևյալը. «Կարծում եմ, որ սև ցուցակը կգլխավորի նախկին նախագահներից մեկը` Ռոբերտ Քոչարյանը: Ցուցակը գնալու է եվրոպական կառույցներ, և մեր կազմակերպությունը պահանջելու է եվրոպական և միջազգային կառույցներից կալանք դնել դրսում նրա ունեցվածքի , հայ ժողովրդից թալանված և եվրոպական բանկերում կուտակված գումարների, նրա սեփականության վրա, և արգելք դնել նրա և նրա ընտանիքի նկատմամբ ելքը և մուտքի վրա՝դեպի  եվրոպական երկրներ և Ռուսաստանի Դաշնություն»:

168.am-ի հարցին, թե նշված նախաձեռնության շրջանակներում որևէ վերահսկողություն իրականացվելո՞ւ է նախագահական առաջիկա ընտրությունների նկատմամբ, Գ.Մարգարյանը պատասխանեց.  «Այո´, մեր հաշվարկներով` խորհրդարանական ընտրությունների ժամանակ շուրջ 500 հազար ընտրողների`գյուղացիների, աղքատ ազգաբնակչությանը բաժանվել են խոշոր չափերի գումարներ: Թե այդ ո՞ւմ գումարներն են բաժանում, դրանք նույն հայ մարդուց, հայ գյուղացուց թալանված գումարներն են: Սրա համար մեզ մոտ կառույց կա, որը զբաղվելու է դրանով»:

Տեսանյութեր

Լրահոս