Հավատքի նշանակալի պտուղներից է վճռականությունը, որն առաքինություններից մեկն է, որ զարդարում է մարդուն: Առանց դրա հոգևոր կյանքի ընթացքը կարող է դոփել միևնույն տեղում:
Ճշմարտություն փնտրող մարդը Ավետարանում հանդիպում է մի դրվագի, ուր Հիսուս ասում է. «Եթե մեկը կամենում է հետևել ինձ, թող ուրանա իր անձը, վերցնի իր խաչը և գա իմ հետևից» (Մատթ 16.24): Եթե ուշադրություն դարձնենք, Մատթեոսը Ավետարանի այդ հատվածը հղում է անում աշակերտներին, Մարկոսը` ժողովրդին, աշակերտներին (Մարկ. 8.34), իսկ Ղուկասը նշում է, որ այդ պատգամը վերաբերում է ամենքին (Ղուկ. 9.23):
«Մի բուժեք չարիքը չարիքով, մի ջանացեք այդ կործանարար ասպարեզում միմյանց գերազանցել: Վիրավորե՞լ է քեզ բարկացած մեկը, կանգնեցրու չարիքը լռությամբ: Թշնամուն մի՛ դարձրու քեզ ուսուցիչ, մի՛ ձգտիր այն բանին, ինչն ատելի է քեզ համար: Մի՛ դարձիր բարկացածի համար՝ որպես հայելի՝ քեզ վրա ի ցույց դնելով նրա պատկերը»,- ասել է Ս. Բարսեղ Կեսարացին: Իսկ Ս. Հովհաննես Սանդուղքը հորդորում է, որ հիշաչարության թարախից ազատվելու համար բավական չէ վիրավորողի համար աղոթելը, կամ չարի փոխարեն նրան բարիք անելը, կամ ճաշկերույթին հրավիրելը, այլ, երբ լսես, որ նա ընկել է հոգևոր և մարմնավոր փորձության մեջ, հոգա նրա համար, ինչպես ինքդ քո վրա՝ արցունքներ հեղելով: