Անհրաժեշտ է սկսելու ցանկություն ունենալ, քեզ հարկադրել՝ սկիզբը դնելու: Նույնիսկ երբ մարդը հոգնել է, եթե իրեն մի փոքր հարկադրում է, ապա հոգնածությունն անցնում է, և նա իրեն լավ է զգում: Այդ ոչ մեծ հարկադրանքը մեծ նշանակություն ունի, որովհետև Աստծուն մեր ցանկությունն է անհրաժեշտ միջամտելու համար, և մեզ հենց Աստվածային միջամտությունը կփրկի:
Որոշ ծնողներ շատ են ճնշում իրենց երեխաներին, նաև ուրիշների ներկայությամբ: Կարելի է կարծել իրենց երեխան բեռնակիր կենդանի է, որին ճիպոտով են քշում, որպեսզի գնա՝ առանց աջ կամ ձախ շեղվելու: Դա նույնն է, թե նրան բռնած պահեն սանձից և միևնույն ժամանակ ասեն. «Ազատ քայլիր»: Այնուհետև այդպիսի ծնողներն այնտեղ են հասնում, որ սկսում են ծեծել իրենց երեխաներին: Այսօր մի մայր էր եկել իր որդու՝ մի հաղթանդամ պատանու հետ: Նրա զավակը հիվանդ էր: «Ի՞նչ անեմ, Հա՛յր,- հարցնում է նա,- Երեխաս ոչինչ չի ուտում և նույնիսկ չի ցանկանում մեզ տեսնել»: Բայց երբ ասացի նրան, թե ինչպես է պետք վարվել, նա ամեն ինչ նորից սկսեց. «Իսկ հիմա ի՞նչ անեմ»: