«ԵԱՏՄ-ն պետք է ունենա նաև խորհրդարանական ձևաչափ». Արմեն Աշոտյան

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն օգոստոսի 24-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

Ողջունելով հյուրին Ազգային ժողովում՝ Արմեն Աշոտյանը կարեւորել է Ռուսաստանի Դաշնության հետ դաշնակցային եւ եղբայրական հարաբերություններն ինչպես պետական ռազմավարական, այնպես էլ հայ եւ ռուս ժողովուրդների միջեւ դարարավոր բարեկամության համատեքստում:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ձեւավորված խորհրդարանական փոխգործակցությանը վերաբերող հարցերին թե երկկողմ եւ թե բազմակողմ մակարդակներում: Ընդգծվել է երկու երկրների խորհրդարանների համապատասխան մարմինների միջեւ արդյունավետ համագործակցության խթանման համար նպաստավոր գործիքակազմի կիրառման կարեւորությունը:

Արմեն Աշոտյանը կարեւորել է Հայաստանի համար ԵԱՏՄ-ի եւ ՀԱՊԿ-ի դերը՝ ընդգծելով, որ վերոնշյալ կառույցների անդամները ջանքեր պետք է գործադրեն այս կազմակերպությունների հեղինակության ամրապնդման եւ ավելի արդյունավետ գործունեության համար:

Այս համատեքստում Արմեն Աշոտյանը կարեւորել է ԵԱՏՄ շրջանակում խորհրդարանական ձեւաչափի ստեղծումը: Հանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ նման ձեւաչափում խորհրդարանական հարթակի գոյությունը խթան կլինի կառույցում անդամ պետությունների միջեւ փոխգործակցության սերտացման համար:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանի ներքաղաքական խնդիրներին՝ ընդգծելով բոլոր գործընթացների ժողովրդավարական հենքով եւ սահմանադրականության պահպանմամբ ընթանալու կարեւորությունը:

Տեսանյութեր

Լրահոս