Բաժիններ՝

Հնդկաստանում հեղեղումների պատճառով տները լքած մարդկանց թիվը գերազանցել է 1 միլիոնը. AFP

1 միլիոնից ավելի բնակիչներ են իրենց տները լքել եւ փախստականների ճամբարներում տեղավորվել Հնդկաստանի հարավի Քերալայի նահանգում մոլեգնող տեղատարափների եւ հեղեղումների պատճառով, որոնք արդեն 410 մարդու կյանք են խլել: Այդ մասին օգոստոսի 21-ին հայտնել է AFP գործակալությունը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ժամանակավոր կացարաններում տեղավորված մարդկանց թիվը կազմում է 300 հազար: Իշխանությունների տվյալներով՝ ներկայում 1,028 մլն մարդ տեղավորված է 3,2 հազարից ավելի հատուկ ճամբարներում:

Դրա հետ մեկտեղ մի քանի հազար մարդ շարունակում է մնալ այն տներում, որոնք գտնվում են հեղեղված շրջաններում: Շատերը չեն ցանկանում թողնել իրենց կացարանը եւ խնդրում են իրենց ջուր ու սննդամթերք հասցնել: Ինչպես նշում է AFP-ն, հեղեղված շրջաններում ջուրը հասնում է գետնից 60 սանտիմետրի: Ճանապարհներին ավտոմեքենաների երթեւեկությունն արգելափակված է:

Անձրեւները շարունակվում են, բայց արդեն ավելի պակաս ինտենսիվությամբ, քան ավելի վաղ: Քերալայում անձրեւների տարեշրջանն սկսվել է հունիսին, օգոստոսի 8-ից նահանգում մոլեգնում են առավել սաստիկ տեղատարափները: Ջրի մակարդակն առաջվա պես բարձրանում է:

Մի քանի քաղաքներ, մասնավորապես, Չալաքուդին եւ Տրիսուրը, գրեթե ամբողջությամբ հեղեղված են, նահանգի խոշորագույն օդանավակայանը՝ «Քոչին»-ը, կբացվի օգոստոսի 26-ից ոչ շուտ: Տեղական իշխանությունների գնահատումներով՝ այս տարի մուսոնային տեղատարափները տարածաշրջանում ամենահզորն են դարձել վերջին 100 տարվա ընթացքում: Անձրեւների սեզոնը Հնդկաստանում շարունակվում է մինչեւ սեպտեմբեր, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս