Բաժիններ՝

Բացահայտվել են պարտադիր զինվորական ծառայության ենթակա անձանց զորակոչից խուսափելուն օժանդակելու դեպքեր. պարզվել է 5 կասկածյալի ինքնություն

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել են պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ենթակա տարբեր անձանց, վերջիններիս կողմից հանցավոր՝ խաբեության այլ ճանապարհով՝ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչից խուսափելուն, պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալուն օժանդակելու դեպքեր։ Պարզվել է առերևույթ հանցավոր արարքներին մասնակցություն ունեցած 5 անձի ինքնություն։

2018թ. հուլիսի 31-ին ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ստացվել և վարույթ է ընդունվել զինակոչիկին պարտադիր զինվորական ծառայությունից մտացածին հիվանդության պատճառով ազատելու համար կաշառք պահանջելու և ստանալու դեպքի առթիվ՝ ոստիկանության Նոր Նորքի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործը։ Մշակվել է քննչական պլան, և իրականացված մեծածավալ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները, բացահայտվել առերևույթ հանցավոր այլ դրսեւորումներ ևս։

Իրականացված բազմակողմանի քննության արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ ԱԱԾ նախկին աշխատակից Ա.Անտոնյանը պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ենթակա 3 անձի, ովքեր չեն ունեցել պարտադիր ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ազատվելու հիմքեր, օժանդակել է մտացածին հիվանդության պատճառով, ինչպես նաև խաբեության այլ ճանապարհով խուսափել պարտադիր զինվորական ծառայությունից:

Մասնավորապես՝ այդ նպատակով զինծառայության տարիքի հասած տղաների հայրերից որպես կաշառք վերցրել է մի դեպքում 15.000, մյուս դեպքում՝ 19.800 ԱՄՆ դոլար՝ պաշտոնատար անձին որպես կաշառք փոխանցելու՝ վերջինիս կողմից իր լիազորությունների շրջանակում զինակոչիկների օգտին ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու՝ նրանց պարտադիր ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից ազատելու համար:

Երրորդ դեպքում գումարը վերցրել է զորակոչման ենթակա անձից՝ 2000 ԱՄՆ դոլար, և նույն մեխանիզմով օժանդակել զորակոչիկին խուսափել հերթական զորակոչից: Առերևույթ հանցավոր դրսևորումները տեղի են ունեցել 2014-2018 թթ.։

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Ա.Անտոնյանին մեղադրանք առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (3 դրվագ), 38-311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ):

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին: Եվս 4 անձ ներգրավվել է որպես կասկածյալ:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ առերևույթ կոռուպցիոն դրսևորումների միջոցով զինվորական ծառայությունից ազատելու այլ դեպքերի, ինչպես նաև դրանց առնչություն ունեցած անձանց ամբողջական շրջանակը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու և ապացույցների համակցությամբ՝ համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ։

Քննության արդյունքների մասին տեղեկույթ կտրամադրվի պարբերաբար։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս