Մարտի 1-ի գործով անցնող հավանական մեղադրյալներց մեկը մահացել է. նա աշխատում էր նախագահականում. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գում է. «Մարտի 1-ի գործով բազմաթիվ անձինք են հրավիրվում հարցաքննության, նախկին, ներկա, հայտնի եւ անհայտ պաշտոնյաներ: Եվ չի բացառվում, որ նոր մարդիկ ավելանան մեղադրյալների ցանկում: Մեր տեղեկություններով՝ մեղադրյալի աթոռին կհայտնվեր նաեւ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, ով աշխատում էր նախագահականում, սակայն այժմ մահացած է:

Նա եւս անցնում է Սահմանադրական դատարանի դատավոր Վալերի Պողոսյանի վրա գործադրված ճնշումների էպիզոդով։ Ըստ ՀՔԾ վարկածի, Պողոսյանի նկատմամբ ճնշումներ գործադրվել են Արմեն Գեւորգյանի եւ վերոնշյալ անձի կողմից։ Ի դեպ, մեր ընթերցողներից մեկը հակասություն է հայտնաբերել ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի խոսքերի մեջ։ Երբ նրան մեղադրում էին, թե Հ1-ում հարցազրույց տալով ինքը ճնշում է գործադրում դատարանի նկատմամբ, նա արդարանում էր՝ ես չեմ դատավորին նշանակողը, ուստի իմ խոսքը չի կարող ճնշում դիտվել։

Մարդիկ նկատել են, որ Արմեն Գեւորգյանին առաջադրված մեղադրանքի հիմքում եւս ընկած է դատավորի՝ ՍԴ անդամի նկատմամբ ճնշումներ գործադրելու վարկածը, բայց չէ՞ որ Արմեն Գեւորգյանը չի նշանակել ՍԴ դատավորներին, ուստի նա եւս չէր կարող ճնշում գործադրել նրանց նկատմամբ։ Այսինքն՝ կա՛մ Սասուն Խաչատրյանն էլ է ճնշում գործադրում դատարանի վրա, կա՛մ Արմեն Գեւորգյանն այն ժամանակ ոչ մի ճնշում չի գործադրել»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս