Բաժիններ՝

«Թվային տեխնոլոգիաների ներդրմամբ պետք է և կարող ենք համակարգի աշխատանքներն առավել ճկուն և արդյունավետ դարձնել». Արսեն Թորոսյան

Հայաստանում էլեկտրոնային առողջապահության համակարգը սահուն ներդնելու, դրա ճշգրտությունն ու դրանում ներբեռնված անձնական տվյալների կիբերանվտանգությունն ապահովելուն առնչվող հարցեր են քննարկվել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և նորարարական տարբեր հայեցակարգերի հեղինակ Հարի Գլորիկյանի հանդիպման ժամանակ: Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:

Գլորիկյանը, որպես հեռահաղորդակցության ոլորտում արտոնագրված մի շարք գյուտերի հեղինակ և բնական գիտությունների, առողջապահության, առողջապահական տեխնոլոգիաների ոլորտներում իր ձեռքբերումներով հայտնի մասնագետ, նախարար Թորոսյանին առաջարկել է նորամուծություններ ներդնել հայաստանյան համակարգում ևս:

«Թվային տեխնոլոգիաների ներդրմամբ պետք է և կարող ենք համակարգի աշխատանքներն առավել ճկուն և արդյունավետ դարձնել, ներդրվելիք e-health համակարգի անվտանգությունն` ավելի բարձր: Ուստի մենք մեծապես հետաքրքրված ենք այդպիսի նորարարություններով»,- ընդգծել է առողջապահության նախարարը:

Հարի Գլորիկյանն իր հերթին ներկայացրել է մի շարք երկրների հաջող փորձն այս առումով և նկատել, որ Սփյուռքի մասնագետների ներգրավմամբ հնարավոր է հայաստանյան առողջապահական համակարգը խիստ մրցունակ դարձնել այս առումով:

Նախարար Թորոսյանին հետաքրքրել է նաև Գլորիկյանի գաղափարը` Հայաստանում բջջային մակարդակով հետազոտությունների միջոցով պարզել մի շարք հիվանդությունների, մասնավորապես, քաղցկեղով հիվանդացության հակումը և պատճառները` ըստ այդմ նորովի մասնագիտական մոտեցում ցուցաբերելու:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել նախնական քննարկումներին հետագայում առավել առարկայական ընթացք հաղորդել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս