Մեքսիկացին Գիննեսի ռեկորդների գրքում է հայտնվել աշխարհում ամենամեծ նկարի համար
Մեքսիկացի նկարիչ Ալեխանդրո Ռիվերա Կանիասը Գիննեսի ռեկորդների գրքում հայտնվել է ամենամեծ նկարի համար, որն արվել է մեկ մարդու կողմից: Այս մասին հայտնել է Excelsior թերթը:
Ռիվերա Կանիասի կողմից արված կտավի մակերեսը կազմել է 289 քառակուսի մետր: Կոմպոզիցիայի կենտրոնական տարրը Հեղափոխության հուշարձանի պատկերն է, որը Մեխիկոյի կենտրոնում տեղադրվել է ի հիշատակ 1910-1917 թվականների իրադարձությունների: Հենց այդ հուշարձանի մերձակա հրապարակում էլ կայացել է նկարչի ստեղծագործության շնորհանդեսը, որը պաշտոնապես գրանցել է Գիննեսի ռեկորդների գրքի տարածաշրջանային ներկայացուցիչը: Նկարիչը նշել Է, որ հսկայական կտավն արել Է, որպեսզի այդ կերպ հերթական անգամ ամբողջ աշխարհին հայտարարի Մեխիկոյի մասին, իսկ Հեղափոխության հուշարձանը, նրա խոսքով, մեգապոլիսի խորհրդանիշերից մեկն Է:
Նկարի վրա, բացի կոթողի պատկերից, նաեւ կան սյուռեալիստական տարրեր՝ թռչող ցուլ, վիշապ, չճանաչված թռչող սարք եւ միաեղջյուր: Նկարի վրա աշխատանքը տեւել է երկու ամիս. միջին հաշվով նկարիչը ծախսել Է օրական ավելի քան ութ ժամ: Նա լայնածավալ նկարը բաժանել է 17 մասի, որոնցից յուրաքանչյուրի վրա աշխատել է առանձին: Աշխարհում ամենամեծ նկարի նախորդ ռեկորդը, որն արվել է մեկ մարդու կողմից, պատկանում էր հնդկաստանցի մի նկարչի: Նա 280 քառակուսի մետր մակերեսով նկար էր ստեղծել, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: