«Արսենալ»-«Մանչեսթեր Սիթի». առաջին տուրի կենտրոնական հանդիպումը
Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջին տուրի կենտրոնական հանդիպումը կլինի «Մանչեսթեր Սիթիի» և նորացված «Արսենալի» հանդիպումը: Լոնդոնյան ակումբը 20 տարվա մեջ առաջին անգամ կսկսի մրցաշրջանը՝ առանց Արսեն Վենգերի: Արդյո՞ք Ունայ Էմերին ինչ-որ նոր շունչ կտա թիմին և կկարողանա թիմի հետ նվաճել Պրեմիեր լիգայի չեմպիոնի կոչումը:
«Արսենալ»
Ի տարբերություն «Չելսիի»՝ «Արսենալը» նման չէ վերակենդանացման կարիք ունեցող խորտակվող թիմի; Լոնդոնցիները ոչ միայն պահպանեցին ակումբի հիմքը, այլև համալրեցին կազմն ուժեղ ֆուտբոլիստներով: Հենրիխ Մխիթարյանի «Արսենալը» մրցաշրջանին նախապատրաստվելիս մասնակցեց ընկերական մրցաշարի և բավականին հաջող արդյունքներ գրանցեց:
Չեմպիոնի դեմ առաջին տուրի խաղում «Արսենալը» չի կարող դաշտ դուրս բերել 4 հիմնական խաղացողի: Դաշտ դուրս չեն գա վնասվածքներ ստացած Լորան Կոսելնին և Սեադ Կոալշինացը: Հարցականի տակ է Աարոն Ռեմսիի և Նաչո Մոնրելաի մասնակցությունը:
Լոնդոնյան ակումբի պաշտպանությունում խաղալու են Հեկտոր Բելյերինը, Սոկրովիս Պապաստատոպուլոսը և Շկոդրան Մուստաֆին: Ամենայն հավանականությամբ, խաղին կմասնակցեն նաև Հենրիխ Մխիթարյանը, Լյակազետը, Օբամեյանգը, Օզիլը և Լուկաս Տորեյրան:
«Մանչեսթեր Սիթի»
Մանչեսթերյան ակումբի կազմի մեծ մասը մասնակցում էր Աշխարհի առաջնությանը, այնպես որ, մրցաշրջանի նախապատրաստությանը նրանք ուշ են միացել: Ընկերական մրցաշարում ևս թիմի միայն մի մասը կարողացավ մասնակցել: Հիմա արդեն բոլոր ֆուտբոլիստները միացել են թիմին: Խաղին չեն կարողանա մասնակցել միայն պաշտպաններ Դանիլոն, Ֆիլիպ Սանդլերը և Մանգալան:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթին» սուպերգավաթային խաղում նույնիսկ առանց մի քանի առանցքային խաղացողների կարողացավ հաղթել «Չելսիին» 2:0 հաշվով: Երկու գոլերն էլ հեղինակեց Սերխիո Ագուերոն:
Վիճակագրություն և անձնական հանդիպումներ
- «Արսենալի» անպարտելիության շարքը հավասար է 6 խաղի
- Լոնդոնցիները գոլ են խփել վերջին 8 խաղերում
- «Մանչեսթեր Սիթին»նախորդ 10 խաղերից երկուսում պարտվել է
- «Մանչեսթեր Սիթին» «Արսենալին» հաղթել է վերջին երեք խաղերում
Մասնագետները նշում են, որ այս մրցաշրջանում «Արսենալն» ավելի լուրջ և ուժեղ թիմ է, քան վերջին առաջնություններում: Հետևաբար, «քաղաքաբնակների» համար հեշտ չի լինելու լոնդոնցիների հետ խաղը:
Մյուս կողմից, չնայած «Արսենալի» նորացված կազմին՝ «Մանչեսթեր Սիթին» դեռևս մի փոքր ավելի ուժեղ է, քան զինագործները:
Սիրարփի Աղաբաբյան