Բաժիններ՝

Յոթ օր՝ համեմված տավուշյան սիրով. մեկնարկում է «Հաղարծնի շաբաթը»

Ավանդական դարձած «Հաղարծնի շաբաթ» փառատոնն այս տարի կանցկացվի օգոստոսի 6-12-ը. 7 օր պարուրված կլինի հոգևոր-մշակութային, ազգային ու հայրենասիրական ոգով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Տավուշի «ՏաՀույս» հոգևոր թեմից, Հաղարծնի շաբաթվա ընթացքում վանքի տարածքում կանցկացվեն ժողովրդական արվեստի տարբեր ճյուղերի բացօթյա դասեր, ավանդական գաթայի, սալիի և այլ քաղցրավենիքների պատրաստման ցուցադրություն, ազգային պարերի ուսուցում: Հրավիրյալ երգչախմբերը հանդես կգան հոգևոր երաժշտության համերգներով։ Ամբողջ շաբաթն կուղեկցվի եկեղեցական արարողություններով, երգեցողությամբ ու աղոթքով, պարբերաբար կանցկացվեն հոգևոր զրույցներ։ Առանձին օրեր նվիրված կլինեն մանուկներին և Հայոց բանակին։

Հաղարծնի հոգևոր-մշակութային շաբաթն ամբողջությամբ կազմակերպվում ու կյանքի է կոչվում տավուշցի երիտասարդների ջանքերով, շաբաթվա ընթացքում ևս կազմակերպչական բոլոր աշխատանքներն իրականացնում են կամավոր երիտասարդները։

Այս տարի Հաղարծնի շաբաթին մասնակցելու են շուրջ 60 կամավորներ ողջ Տավուշից։ Մեկ շաբաթով կենդանի քաղաք դարձած Հաղարծնի վանքում այցելուներին կդիմավորեն կանաչ շապիկներով կամավորները, կներկայացնեն շաբաթվա ընթացքն ու կծանոթացնեն վանքի պատմությանը։

Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի խոսքերով՝ այս միջոցառումը միտված է ներկայացնելու Տավուշն իր ամբողջությամբ․ «Այս հրաշալի նախաձեռնությունը Տավուշի երիտասարդների հոգու ծնունդն է: Այն նպատակ ունի, նախ, համահավաք հոգևոր-մշակութային միջավայր ստեղծելու մեր Տավուշ աշխարհի երիտասարդության համար, ինչպես նաև լայն հասարակության համար բացահայտելու մեր հոգևոր ժառանգության՝ այս պարագային՝ Հաղարծին հրաշալի վանքի հոգևոր բովանդակությունը, պատմական ահռելի դերակատարությունը և ներկայի առաքելությունը: Մեր նպատակն է, որպեսզի Տավուշ աշխարհը ներկայանա ոչ միայն սահմանային իրադարձությունների և կրակոցների պատճառով, այլ իր ամբողջությամբ՝ հոգևոր, մշակութային մեծագույն ներդրումով»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս