Բաժիններ՝

Պորտուգալիայի մի քանի շրջաններում գերազանցվել է ջերմաստիճանային ռեկորդը

Պորտուգալիայի կենտրոնական, հարավային եւ արեւելյան մասերի ութ շրջաններում գերազանցվել է ջերմաստիճանային ռեկորդը: Այդ մասին հայտնել է Associated Press (AP) գործակալությունը՝ վկայակոչելով Պորտուգալիայի օդերեւութաբանական գործակալությունը:

Առավել բարձր ջերմաստիճանը, որը օգոստոսի 2-ին գրանցվել է Պորտուգալիայում, կազմել է ըստ Ցելսիուսի 45,2 աստիճան՝ Աբրանտիշ քաղաքի շրջանում, որը գտնվում է Լիսաբոնից 150 կիլոմետր հեռավորությամբ: Օդերեւութաբանները նախազգուշացնում են, որ տապը Պորտուգալիայում կշարունակի սաստկանալ օգոստոսի 3-ին:

Կանխատեսումների համաձայն, օդի ջերմաստիճանը կարող է ըստ Ցելսիուսի 47 աստիճանի հասնել օգոստոսի 4-ին: Առաջիկա հանգստյան օրերին հատուկ պատրաստության ռեժիմում կգտնվեն հրշեջ եւ բժշկական ծառայությունները: Գործակալությունը նշում է, որ նախորդ ջերամստիճանային ռեկորդը Պորտուգալիայի ամբողջ տարածքում գրանցվել է 2003 թվականին, երբ երկրում օդը տաքացել էր ըստ Ցելսիուսի մինչեւ 47,4 աստիճան:

Մինչդեռ իսպանական ԶԼՄ-ները հայտնել են այս շաբաթ Իսպանիայի հարավ-արեւելքում ջերմահարությունից երկու մարդու մահվան մասին: AP-ի տվյալներով՝ Իսպանիայում բարձր ջերմաստիճանների վտանգի մասին նախազգուշացումներ են տարածվել 50 նահանգներից 41-ի համար:

Սպասվում է, որ երկրում օդը կտաքանա ըստ Ցելսիուսի մինչեւ 44 աստիճան:

Իսպանիայում մետեոդիտարկումների ընթացքում ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է անցած հուլիսին՝ ըստ Ցելսիուսի 46,9 աստիճան: Ավելի վաղ տեղեկացվել է, որ օդային զանգվածները, որոնք անոմալ շոգ եղանակ են բերում, Եվրոպայի հարավ-արեւմուտք են շարժվում Աֆրիկայի կողմից, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս