Վրաստանի քաղաքացիները աղքատությունն ու գործազրկությունն են նշել որպես երկրի գլխավոր խնդիրներ
Վրաստանի քաղաքացիներին առաջվա պես ամենից շատ անհանգստացնում է աղքատությունը եւ գործազրկությունը: Այդ մասին վկայում են սոցիոլոգիական հարցման տվյալները, որն անցկացվել է ամերիկյան Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) կողմից:
Սոցիոլոգիական հետազոտությունն անցկացվել Է հունիսի 23-ից մինչեւ հուլիսի 8-ը, դրան մասնակցել է ավելի քան 2,4 հազար մարդ: Հարցման արդյունքների համաձայն, դրան մասնակցած քաղաքացիների 51 տոկոսը գլխավոր ազգային խնդիրը համարել է գործազրկությունը, 32 տոկոսը՝ աղքատությունը, 28 տոկոսը՝ գների աճը, 28 տոկոսը՝ թոշակները, 24 տոկոսը՝ տարածքային ամբողջականությունը, 21 տոկոսը՝ բժշկական սպասարկման հասանելիությունը, 17 տոկոսը՝ ցածր աշխատավարձերը, 15 տոկոսը՝ կրթությունը, 10 տոկոսը՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները, 8 տոկոսը՝ արդարության վերականգնումը, 6 տոկոսը՝ կրիմինալի աճը, 5 տոկոսը՝ արդար ընտրությունները, իսկ 4 տոկոսը՝ դատական համակարգը եւ Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին:
Տարեսկզբին հրապարակված նախորդ ուսումնասիրության տվյալներով՝ հարցված քաղաքացիների 54 տոկոսը գլխավոր ազգային խնդիրը համարել էր գործազրկությունը: