Զարուհի Հովհաննիսյանը խախտել է Դիտորդների խմբի կողմից հասարակական վերահսկողություն իրականացնելու կարգը. ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ արդարադատության նախարարությունը պարզաբանում է ներկայացրել քրեակատարողական հիմնարկներում (ՔԿՀ) դիտորդների խմբի անդամի հայտարարության վերաբերյալ:

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրին, որ ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խմբի անդամ Զարուհի Հովհաննիսյանը, անդրադառնալով ազատազրկված կանանց իրավունքներին, օրերս հրավիրված ասուլիսի ժամանակ ասել է, որ «Աբովյան ՔԿՀ-ում կալանքի տակ է 4 անչափահաս երեխայի մայր, այն դեպքում, երբ օրենքով չպետք է իրականացվեր: Երեխաների խնամակալության հարցը մինչ այժմ լուծված չէ»:

Հարցի կապակցությամբ նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ արդարադատության նախարարի 2005 թվականի նոյեմբերի 18-ի թիվ ՔՀ-66-Ն հրամանի 5-րդ գլխով սահմանված է Քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի կողմից հասարակական վերահսկողություն իրականացնելու կարգը, որի 13-րդ կետի համաձայն՝ «Վերահսկողությունն իրականացվում է քրեակատարողական հիմնարկներ և մարմիններ այցելություններ կատարելու և կատարված այցելությունների հիման վրա Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին և հասարակությանը հաշվետվություններ ներկայացնելու ձևով:

Ներկայացվում են երեք տեսակ հաշվետվություններ՝ ընթացիկ, տարեկան և հրատապ, որոնց կապակցությամբ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը տալիս է իր մեկնաբանություններ»:

«Վերոգրյալից բխում է, որ Դիտորդների խմբի կողմից իրենց հասարակական վերահսկողության արդյունքում հայտնի դարձած տեղեկությունները, որոնք ամփոփվում և պարտադիր ներկայացվում են ՀՀ արդարադատության նախարարությանը, միաժամանակ կարող են տրամադրվել նաև հասարակությանը՝ բացառապես ՀՀ ԱՆ-ի կողմից հաշվետվությունների վերաբերյալ մեկնաբանություններ ստանալուց հետո:

Մինչդեռ սույն թվականի հուլիսի 25-ին «Դիտորդների խմբի գործունեության խոչընդոտները և քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների խախտումների ընթացիկ խնդիրները» թեմայով մամուլի ասուլիսի ընթացքում Դիտորդների խմբի անդամ Զարուհի Հովհաննիսյանը հրապարակային հայտարարել է, որ ««Աբովյան» ՔԿՀ-ում կալանքի տակ է 4 անչափահաս երեխայի մայր, այն դեպքում, երբ օրենքով կալանքը չպետք է իրականացվեր…»»,-նշված է հաղորդագրության մեջ:

ԱՆ-ից տեղեկացնում են , որ նշված հայտարարությունը անելով՝ Դիտորդների խմբի անդամ Զարուհի Հովհաննիսյանը խախտել է Դիտորդների խմբի կողմից հասարակական վերահսկողություն իրականացնելու կարգը:

«Ինչ վերաբերում է կալանավորված անձին, ապա հայտնում ենք, որ ՀՀ արդարադատության նախարարությունը քաջատեղյակ է «Աբովյան» ՔԿՀ-ում կալանքի տակ պահվող 4 անչափահաս երեխայի մոր խնդիրներից, որոնց լուծման ուղղությամբ ձեռնարկվել են և ձեռնարկվում են միջոցառումներ: Մասնավորապես՝ կալանավորված կինը սույն թվականի մայիսի 25-ին հայտնել է քրեակատարողական հիմնարկի վարչակազմին, որ երեխաներից մեկին ցանկանում է տեղավորել մանկատուն:

Տարվել է բացատրական աշխատանք, որի արդյունքում հրաժարվել է երեխային մանկատուն ուղարկելու մտքից. վերջինս դիմել է Երևանի քաղաքապետարան՝ նշված հարցում իրեն աջակցելու համար:

Ի պատասխան կալանավորված անձի խնդրանքի՝ քաղաքապետարանի իրավասու մարմինը հայտնել է, որ երեխայի ծննդյան վկայականի, առողջական վիճակի մասին տեղեկանքի և երեխայի օրինական ներկայացուցչի առկայության դեպքում խնդրին կտրվի դրական լուծում: Ներկայում երեխաներից մեկը գտնվում է Հայ օգնության ֆոնդում (ՀՕՖ):

Ինչ վերաբերում է անչափահաս երեխաների խնամքի հարցին, ապա վերջիններս գտնվում են կալանավորված կնոջ փաստացի ամուսնու խնամքի ներքո, իսկ երեխաներից մեկը գտնվում է Հայ օգնության ֆոնդում (ՀՕՖ), մինչև խնամակալության հարցի վերջնական լուծում ստանալը»,- հայտնում են արդարադատության նախարարությունից:

Տեսանյութեր

Լրահոս