«Համոզված եմ, որ պատին սեղմած Քոչարյանը չի լռի, և մեզ բազմաթիվ անսպասելի բացահայտումներ են սպասում»

«ԱրԱր» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի խորհրդի նախագահ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կարծում եմ, գիշերվա ընթացքում հասցրել եք վերապրել Ռոբերտ Քոչարյանին քրեական մեղադրանք ներկայացնելու հետ կապված առաջին շոկը, և հիմա սկսում եք մտածել, թե ինչ է լինելու։ Ֆեյսբուքը հեղեղված է արձագանքներով, մեծ մասը, բնականաբար, ոգևորված, սակայն այս ամենը շատ ավելի բարդ է։

Նախ, կասկած չկա, որ մարտի 1-ի ուրվականը կախված է մեր երկրի վրա արդեն տաս տարի, և որքան շուտ կարողանանք այդ ուրվականից ազատվել, այնքան լավ։ Երկրորդը, կասկած չկա, որ հենց Ռոբերտ Քոչարյանն է եղել մարտի 1-ի հիմնական քաղաքական որոշումներ ընդունողը, և իր որոշումներն են հանգեցրել ցուցարարների և ուժային կառույցների միջև բախումներին, որոնք ավարտվել են արյունահեղությամբ և այսպիսի ծանր վերք են թողել բոլորիս կյանքում, և որ անձամբ Ռոբերտ Քոչարյանը պետք է պատասխանատվություն կրի իր գործողությունների համար, առավել ևս, որ դա իր պաշտոնավարման ընթացքում միակ արյունահեղությունը չէր։

Բայց այստեղ անկասկած մասը ավարտվում է, և սկսում են շատ ավելի բարդ հարցերը։ Նախ, մարտի 1-ի իրադարձություններին տարբեր կողմերից ակտիվորեն ներգրավված են եղել երկրի բոլոր երեք նախկին նախագահները, երկու նախկին պաշտպանության նախարարները, այսօրվա գործող մի շարք պատգամավորներ և քաղաքական գործիչներ, ուժային կառույցների ղեկավարներ, և նաև այսօրվա գործող վարչապետը։

Եթե պետք է լինի մարտի 1-ի գործի հետաքննություն, պետք է բոլորի գործողությունների իրավաչափությունը քննվի, և ոչ միայն Ռոբերտ Քոչարյանինը, և վերականգնվի իրադարձությունների ամբողջ պատկերը, և յուրաքանչյուրի մեղքի չափը։ Համոզված եմ, որ պատին սեղմած Քոչարյանը չի լռի, և մեզ բազմաթիվ անսպասելի բացահայտումներ են սպասում։

Երկրորդը, իր մասշտաբներով և բարդությամբ այս դատավարությունը կարգով կգերազանցի «Սասնա Ծռերի» դատավարությունը, քանի որ մարդկանց ներգրավվածությունը հսկայական էր, և այն գործողությունները, որոնց արդյունքում մարդիկ են զոհվել, եղել են հազարավոր մարդկանց ներկայությամբ և մասնակցությամբ։

Իհարկե, կարել է ասել, որ ամեն ինչում Քոչարյանն է մեղավոր, մնացածները պարզապես հրաման են կատարել, և անցնել առաջ, բայց իրականությունը այն է, որ մարտի 1-ի բախումը դուրս եկավ վերահսկողության տակից և վերածվեց արյունալի խրախճանքի ոչ միայն Քոչարյանի որոշման պատճառով, այլև բազմաթիվ այլ գործող անձանց մոտիվացիայի՝ այն տանել արյան։

Այս կծիկը քանդելու համար հսկայական դատական պրոցես է պետք, և մինչև վերջ պարզ չի, թե մեր պայմաններում այն ինչպես է հնարավոր կազմակերպել, որ առաջին ատյանի դատավորը մարդկային և պրոֆեսիոնալ կարողություն ունի այդպիսի վիթխարի վարույթ իրականացնելու համար։ Տրամաբանորեն, այսպիսի իրավիճակի համար հատուկ դատարան է պետք ստեղծել, սակայն մեր Սահմանադրությունը դա արգելում է (գուցե հատուկ), և գուցե դրա համար նույնիսկ պետք է Սահմանադրություն հիմա փոփոխել։

Վերջապես, մարտի 1-ը միակը չի։ Նրան նախորդել է 1996 թվականի կեղծված նախագահական ընտրությունները, որից սկսեց Հայաստանում քաղաքական բռնության շղթան, 1999 թ. հոկտեմբերի 27-ը դիմահար գնդակահարությունը խորհրդարանում, և հաջորդել են բազմաթիվ այլ քաղաքական բռնության ակտեր, և դրանց տարբեր ձևերով ներգրաված են եղել հսկայական քանակությամբ մարդիկ։

Արդյոք մենք կարողություն ունենք առկա քրեական օրենսգրքի և դատավարական պրակտիկայի պայմաններով այս ամբողջ կծիկը քանդել, արդյոք դա կաթվածահար չի անի դատական համակարգը, և բերի այն լիակատար փակուղո՞ւ։ Գուցե այս ամենի վերաբերյալ հատուկ օրենսդրություն է պետք ընդունել, որը թույլ կտա անցյալից մնացած քաղաքական բռնության դառը ժառանգությունը բացահայտել և հիմնական մեղավորներին պատժել՝ առանց կաթվածահար անելու պետությունը։

Դրա միջազգային պրակտիկան կա, և մեզ պետք է այն ուսումնասիրել և կիրառել, այլապես մենք կարող ենք այս ամենից ուղիղ հակառակ արդյունք ստանալ։

Ձեզ բոլորիդ խաղաղ օր եմ մաղթում, թող այն մեզ օգնի առաջ շարժվել»։

Տեսանյութեր

Լրահոս