Ուշադիր եղեք. նշաններ, որոնք չի կարելի արհամարհել
Անեմիայի դեպքում նկատվում է արյան կարմիր գնդիկների գոյացման խանգարում կամ հեմոգլոբինի ցածր մակարդակ: Հենց սրանք են բջիջներին թթվածին հասցնում: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ արյան՝ մեծ քանակով կորուստը կարող է անեմիայի հանգեցնել: Ընդ որում, կանայք առավել հակված են անեմիայի: Դաշտանային ցիկլի ընթացքում մեծ քանակով արյան կորուստը կարող է հանգեցնել անեմիայի:
Անեմիայի պատճառ կարող է դառնալ թերսնուցումը: Երկաթն ամենակարևոր հանքանյութերից է, որը պատասխանատու է կարմիր գնդիկների ձևավորման համար: Այս հանքանյութի անբավարար մակարդակը ևս խնդրի է հանգեցնում:
Անեմիայի կանխարգելման համար կարևոր է նաև C և B12 վիտամինների բավարար մակարդակը: Անեմիայի պատճառ կարող են դառնալ նաև վիրահատությունները, վնասվածքները, քաղցկեղը, ցավազրկող միջոցների երկարատև օգտագործումը:
Անեմիայի մասին կարող են վկայել հետևյալ ախտանշանները.
- հոգնածության մշտական զգացում
- մաշկի գունատություն, չորություն
- հևոց
- դաշտանային ցիկլի բացակայություն կամ անկանոն ցիկլ
- սառը ձեռքեր և ոտքեր
- ցածր իմունիտետ
- անքնություն
- մկանային ջղաձգումներ:
Անեմիայի դեպքում հարկավոր է դիմել մասնագետի՝ անհրաժեշտ բուժօգնություն ստանալու համար: Սննդակարգ ներառեք հետևյալ մթերքը.
- գազար
- բազուկ
- դեղին և կարմիր պղպեղ
- վիտամին C-ով հարուստ մթերք
- քունջութի սերմեր
- նուռ
- դառը շոկոլադ:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը