Ի՞նչ ունի փոխանցելու Լևոն Տեր-Պետրոսյանը Նիկոլ Փաշինյանին. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. ««Լևոն Տեր-Պետրոսյանի նախաձեռնությամբ կառավարական ամառանոցում հանդիպում է եղել Նիկոլ Փաշինյանի հետ, որի ընթացքում քննարկվել են արտաքին քաղաքականությանն ու արցախյան խնդրին առնչվող հարցեր: Այս մասին հայտնել է կառավարության «Ֆեյսբուքի» էջը:
Հատկանշական է, որ հանդիպումը տեղի է ունենում Բրյուսել Նիկոլ Փաշինյանի այցից ու դրա ավարտին Եվրամիության քաղաքականությանը վերաբերող հայտնի հայտարարությունից հետո, թեև, իհարկե, ամենևին փաստ չէ, որ հանդիպման պատճառը հենց դա է: Պարզապես հետաքրքիր է հանդիպման փաստը հենց այդ ֆոնին, հատկապես այն հանգամանքը, որ քննարկվել են արտաքին քաղաքականությանն ու արցախյան խնդրին առնչվող հարցեր:
Մյուս կողմից՝ դա, իհարկե, դեռ չի նշանակում, որ այլ հարցեր չեն քննարկվել: Այլ հարցերի մասին գուցե չի էլ բարձրաձայնվում, ինչը կարող է վկայել, որ հանդիպման ամենից կարևոր խոսակցությունը եղել է հենց այդ մասին, և փորձ է արվում հենց այդ մասը զերծ պահել հանրային ավելորդ ուշադրությունից:
Ի վերջո, բացի Բրյուսել այցից ու Եվրամիության մասով հայտարարությունից՝ հարկ է նկատել, որ Տեր-Պետրոսյանի հետ Փաշինյանի հանդիպումը տեղի է ունեցել նաև Երևանի ավագանու արտահերթ ընտրության հետ կապված զարգացումների ֆոնին և, իհարկե, Մարտի 1-ի շուրջ նոր իրողությունների:
Այն, որ հանդիպումը տեղի է ունեցել Տեր-Պետրոսյանի նախաձեռնությամբ, վկայում է, որ առաջին նախագահն ունի Նիկոլ Փաշինյանին ուղղված որևէ առաջարկ կամ կարևոր ուղերձ, որը հարկ է համարել փոխանցել անձամբ, առանց հոդվածի կամ հարցազրույցի, ինչը Տեր-Պետրոսյանը փորձեց երկու անգամ անել թավշյա հեղափոխությունից անմիջապես հետո»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: