Քննչական կոմիտեն՝ փորձագիտական կենտրոնի աշխատակցի կյանքը խլած փլուզման մասին
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ մարդու մահ առաջացրած ՀՀ ԱՆ «Պրոբացիայի պետական ծառայության» մասնաշենքի տանիքի դիմային հատվածի քարե քիվի փլուզման դեպքի առթիվ։
Նախնական տվյալներով՝ Երևան քաղաքի Արշակունյաց պող. 23 հասցեում գտնվող ՀՀ ԱՆ «Պրոբացիայի պետական ծառայության» մասնաշենքի տանիքում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքում փլուզվել է նշված շինության տանիքի դիմային հատվածի քարե քիվը, որի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել ՀՀ ԱՆ Փորձագիտական կենտրոնի աշխատակիցներ Արայիկ Դավթի Կարապետյանը, Մուշեղ Ֆելիքսի Հարությունյանը, Գրիգոր Սողոմոնի Մարտիրոսյանը և տեղափոխվել բժշկական կենտրոն։ Արայիկ Դավթի Կարապետյանը, առանց գիտակցության գալու, «Էրեբունի» ԲԿ-ում մահացել է:
Դեպքի առթիվ 16.07.2018 թվականին Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, ինչպես նաև՝ դատատեխնիկական, դատաշինարարական և դատաապրանքագիտական համալիր փորձաքննություն:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: