Բելգիա-Անգլիա. ո՞ւմը կլինեն բրոնզե մեդալները
Բելգիայի և Անգլիայի ազգային հավաքականները հրաշալի հանդես եկան Աշխարհի 2018 թվականի առաջնությունում: Սակայն, երբ հերթը հասավ կիսաեզրափակիչ խաղերին, անգամ նման հրաշալի ֆուտբոլն ու համառությունը բավարար չէին: Գուցե վերջին պահին այս թիմերին պակասեց համառությունը, բնավորությունը և, իհարկե, ֆուտբոլային բախտը:
Այսպիսով, այս երկու հավաքականները, ում պատկերացնում էին միայն եզրափակչում, այս առաջնության ընթացքում երկրորդ անգամ խաղալու են միմյանց դեմ: Հիշեցնենք, որ խմբային փուլում Բելգիայի հավաքականը կարողացավ նվազագույն առավելությամբ հաղթել անգլիացիներին:
Ի՞նչ սպասել այս խաղից, և, վերջիվերջո, ո՞ւմը կլինեն բրոնզե մեդալները:
Բելգիա
Մինչև Հոլանդիայի հավաքականը տանում է սերնդափոխության ծանր հետևանքները, Բելգիայի հավաքականն արդեն հաղթահարել է այս փուլը: Բելգիայի ընտրանին այս Աշխարհի առաջնությունում ցուցադրեց հիանալի ֆուտբոլ՝ ապացուցելով, որ պատահաբար չի գտնվում ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակի ամենաբարձր կետերում: Սակայն, Բելգիայի հավաքականի խաղում, ամեն դեպքում, կային չարտահայտվածության տարրեր: Բելգիական ընտրանին կարող էր և, շատ մասնագետների կարծիքով, պետք է դուրս գար Մունդիալի եզրափակիչ:
Անգլիան, Խորվաթիան, Ֆրանսիան շատ լավ տեսք ունեին այս Աշխարհի առաջնությունում: Բայց բելգիացիները գերազանցեցին նրանց: «Կարմիր սատանաները» կիսաեզրափակչում խաղացող միակ թիմն էին, որ հաղթել է բոլոր խաղերում:
Խմբային փուլում բելգիացիները հաղթեցին Թունիսին՝ 5:2. Պանամային՝ 3:0, և Անգլիային՝ 1:0: Փլեյ-օֆֆ փուլում Ռոբերտո Մարտինեսի սաները 3:2 հաշվով հաղթեցին Ճապոնիայի հավաքականին՝ գոլ խփելով վերջին վայրկյաններին: ¼ եզրափակչում Բելգիան կարողացավ հաղթել առաջնության գլխավոր ֆավորիտներից մեկին՝ Բրազիլիայի հավաքականին՝ 2:0 հաշվով:
Ռոբերտո Մարտինեսն ունի բոլոր հնարավորությունները բրոնզե մեդալները նվաճելու համար:
Անգլիա
Անգլիան այս Աշխարհի առաջնությունում ևս գերազանցեց բոլորի սպասումները: Հավաքականը, որ գրեթե միշտ տապալվում էր խոշոր մրցաշարերում, կարողացավ դուրս գալ Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ: Երկար ժամանակ անց անգլիացիները վերջապես կարողացան առանց հարցերի դուրս գալ խմբից: Բայց ավելի կարևոր է այն գեղեցիկ և վառ խաղը, որ ցուցադրում է Անգլիան: Այսպիսի Անգլիայի հավաքական երկար ժամանակ ոչ ոք չէր տեսել:
Վերջին անգամ Անգլիան աշխարհի առաջնության լավագույն քառյակում է եղել 1990 թվականին: Այդ ժամանակ Անգլիայի ընտրանին կիսաեզրափակչում պարտվեց Գերմանիային՝ 11-մետրանոց հարվածներով, իսկ 3-րդ տեղի համար պայքարում զիջեց Իտալիային՝ 1:2 հաշվով:
Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը նշել է, որ իրենց համար լավագույն քառյակում հայտնվելն արդեն իսկ լավ արդյունք է: Բայց, վստահաբար, ոչ ոք դեմ չի լինի բրոնզե մեդալներ նվաճել և լավ արդյունքը կրկին հաստատել:
Վիճակագրություն և անձնական հանդիպումներ
- Անգլիան և Բելգիան հանդիպել են 22 անգամ: Բելգիայի հավաքականը հաղթել է երկու անգամ: Իրար դեմ վերջին խաղը թիմերն անցկացրել են այս Մունդիալում:
- Բելգիայի հավաքականն այս առաջնությունում հաղթել է 6 խաղերից 5-ում:
- Ֆրանսիայից կրած պարտությունն առաջինն էր Բելգիայի համար վերջին 26 խաղերում:
- Այս առաջնությունում Անգլիան հիմնական ժամանակում հաղթել է վերջին 6 խաղերից միայն երեքում:
- Վերջին 10 խաղերում Անգլիան գոլ չի խփել միայն Գերմանիային և Բելգիային:
Երկու թիմերն էլ չհասան սպասված արդյունքի կիսաեզրափակիչ խաղերում, այնպես որ, նրանք փորձելու են անել ամեն ինչ, որպեսզի չզիջեն երրորդ տեղը: Այս համատեքստում առաջին պլանում պետք է լինի բելգիացիների ավելի մեծ պրոֆեսիոնալիզմը և ֆուտբոլիստների անձնական որակները: Իսկ Անգլիան կարող է հաղթել իր որակյալ ֆուտբոլի և համախմբվածության շնորհիվ: Բացի այդ, անգլիացիները ցանկանալու են ապացուցել, որ այս առաջնության խմբային փուլում կրած պարտությունը դեռ ոչինչ չէր նշանակում:
Հիշեցնենք, որ Աշխարհի առաջնության երրորդ տեղի համար հանդիպումը կկայանա այսօր՝ Երևանի ժամանակով 18:00-ին:
Սիրարփի Աղաբաբյան