Հեռախոսներ և «խելացի» ժամացույցներ. դիմորդները քննության են գալիս տեխնիկայով զինված
Քննությունների մասնակից դիմորդները տարեցտարի կատարելագործում են պատասխանները ստանալու հնարքները: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Փաշայանը նշեց, որ դիմորդները քննության են գալիս տեխնիկայով զինված՝ մի քանի հեռախոսներ, «խելացի» ժամացույցներ:
«Մեզ համար տհաճ է այդ իրավիճակը, երբ երեխաների մոտ հայտնաբերում ենք տեխնիկա, ու ստիպված ենք լինում նրանց հեռացնել»,-ասաց Արմեն Փաշայանը:
Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի տեղակալ Կարո Նասիբյանի խոսքով, որպեսզի նման խնդիր չլինի, իրենք առաջարկում են հաջորդ քննություններին ունենալ մետաղաորսիչերը:
«Հեռախոսներն այնպիսի տեղերում են պահում, որ չենք ուզում ասել: Գալիս են մի քանի հեռախոսներով, մեկը, երկուսը հայտնաբերում ենք, թվում ՝ վերջ, 3-րդն են հանում»,-ասաց Կարո Նասիբյանը:
Նրա խոսքով, քննությունը սկսելուց մեկ, մեկ ու կես ժամ հետո լավագույն դիմորդները սկսում են դուրս գալ,այդ ժամանակ էլ, քննությանը դեռ մնացած դիմորդների շրջապատը կատարում է իր սև գործը: Նկարահանում են քննությունից դուրս եկած դիմորդի պատասխանների պատճենահանած ձևաթուղթը և ուղարկում քննությանը նստած երեխային:
«Մենք այդպիսի մի քանի դիմորդների հեռախոսներ ենք հայտնաբերել, որոնցում եղել են 4-ից ավելի պատասխաններ: Զարմանալի է մի բան, երեխա է եղել, երբ կարդում էր առաջադրանքը, մի անգամից պատասխանն ասում էր, թե ինչու են հեռախոսով ձևաթուղթն ուղարկում արջի ծառայություն մատուցում, իրենց երեխային վատ վիճակի մեջ գցում չգիտեմ»,-ասաց նա:
Այս տարվա միասնական քննություններից ինչ-ինչ պատճառներով հեռացվել է 20 դիմորդ: Առաջին փուլում տեխնիկա հայտնաբերելու պատճառով 1 դիմորդ է հեռացվել, երկրորդ փուլում՝ 3:
«Երբ մենք հայտարարում ենք թողեք հեռախոսները, տեխնիկան ծնողների մոտ, մի մասը չի թողնում, մինչև քննություն սկսելը շատերի մոտ ենք հայտնաբերում: Մի երեխայի մոտեցանք ասացինք հեռախոսդ հանի, ասում է՝ երկուսն էլ տամ»,-ասաց Կարո Նասիբյանը՝ նշելով, որ պետք է միջոցներ ձեռնարկեն այս ուղղությամբ:
Ինչ վերաբերում է բողոքարկումներին, ապա այս տարի ընդհանուր թվով եղել 92 դիմում: Դրանք հիմնականում դիմում-խնդրանքներ են, երբ երեխան լավ չի զգացել քննությանը, լավ չի գրել, և ծնողները խնդրում են նորից քննություն հանձնելու հնարավորություն տրվի: Եղել են դիմումներ վերահաշվարկի հետ կապված: