Երևանի բնակիչները Շղարշիկ գյուղի տներից մեկից 170.000 դրամ և 100 ԱՄՆ դոլար են գողացել
Հուլիսի 9-ին՝ ժամը 15.20-ին, Երևանի մի բնակիչ ոստիկանության Թալինի բաժնում հաղորդում է տվել, որ հուլիսի 8-ին՝ ժամը 12.00-ից 23.00-ն ընկած ժամանակահատվածում, ինքն իր ընտանիքով և Երևան քաղաքի բնակիչներ` ոմն Կարինե ու Գևորգ, որպես հյուր գտնվել են Շղարշիկ գյուղի տներից մեկում:
Օգտվելով իրենց անուշադրությունից` ննջասենյակում դրված իր կնոջ պայուսակում գտնվող դրամապանակից ոմն Կարինեն և Գևորգը գողացել են 170.000 դրամ և 100 ԱՄՆ դոլար:
Ոստիկանության Թալինի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ոմն Կարինեն հանդիսանում է 1985 թվականին ծնված Կարինե Ա.-ն, իսկ Գևորգը՝ երևանցի, 1996 թվականին ծնված Գևորգ Խ.-ն:
Նրանք հուլիսի 11-ին Երևանի Իսակովի պողոտայի թիվ 32/7 հասցեից բերման են ենթարկվել ոստիկանության բաժին, որտեղ Կարինե Ա.-ն տվել է խոստովանական բացատրություն, որ նշված գողությունը կատարել է ինքը՝ առանց Գևորգ Խ.-ի իմացության:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է քննություն: