«20-րդ շրջանի կասկածյալները» ֆիլմում ներկայացվում է դեռահասների հանցախմբի գործունեությունը
Իրանցի ռեժիսոր Հեսամ Էսլամին իր մեքենայի գողությունից հետո հանդիպում է Էհսանին՝ դեռահասների հանցախմբի պարագլխին, որը կանոնավորապես մեքենա է փախցնում: Վեց տարի շարունակ հանցախմբի անդամների քայլերին հետևելով՝ ռեժիսորը սերտ հարաբերությունների մեջ է մտնում նրանց հետ: Ֆիլմն անձնական հայացք է Էհսանի ու նրա հանցախմբի կյանքին՝ հափշտակությունների, կատաղի հետապնդումների, ոստիկանությունից փախուստի տալու, կալանավորման, ազատման և, ի վերջո, հանցախմբի պառակտման վավերագրության միջոցով:
Կինոժապավենը ներառվել է «Ոսկե ծիրան» հոբելյանական կինոփառատոնի վավերագրական մրցույթում:
Ֆիլմի մասին հուլիսի 12-ին լրագրողների հետ հանդիպմանը պատմեց ֆիլմի ռեժիսոր Հեսամ Էսլամին:
«Փորձում էի ավելի մոտ ծանոթանալ այդ երեխաներին, բայց դա հեշտ չէր, քանի որ նրանք խուսափում էին իմ տեսախցիկից, որը միշտ ինձ հետ էր: Մի անգամ երեխաները տեսան իմ մեքենան և մի քանի ժամ հետո ես այն ջարդված գտա: Չդիմեցի ոստիկանություն կամ այլ մարմինների, և այս պատմությունն ասես իմ և այդ երեխաների միջև գոյություն ունեցող պատի փլուզումը դարձավ: Աստիճանաբար մտերմացա նրանց հետ` շահելով վերջիններիս վստահությունը: Մեկ տարի անց մեկնարկեցին նկարահանումները»,-պատմեց ռեժիսորը:
Սցենարի հեղինակ Նասիմ Մարաշին ասաց, որ Իրանում վավերագրական ֆիլմեր նկարահանելու համար հազվադեպ են դիմում սցենարիստներին: «Սակայն ես ի սկզբանե ներգրավված եմ եղել ֆիլմի ստեղծմանը: Սցենար գրելիս ամենակարևորը հիմնական միտքը, ավարտուն գաղափարն է: Քանի որ մասնակցել եմ մոնտաժի ընթացքին, հիմնական գիծը այդ ժամանակ եմ գտել»,-շեշտեց նա:
Հեսամ Էսլամին ավարտել է Թեհրանի արվեստի համալսարանը: Սովորել է Աբաս Քիառոսթամիի և Ասղար Ֆարհադիի մոտ և ազդվել նրանց կինոոճերից: 2009-ից սկսել է աշխատել որպես մոնտաժող և ռեժիսոր: Պատանի օրինազանցներն ու սոցիալական վնասները նրա աշխատանքի հիմնական թեմաներն են: Մոնտաժել է դրվատանքի արժանացած «Սուգ» խաղարկային ֆիլմը: 2017-ին նկարահանել է իր առաջին լիամետրաժ վավերագրությունը՝ «20-րդ շրջանի կասկածյալները», որը 2017-ին ներկայացվել է Կանադայի «HotDocs» կինոփառատոնին: