Կարեն Գրիգորյանի ընտանիքը տեղափոխվել է Սոչի բնակության. երեխաների համար են վախենում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Էջմիածնի նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանի ընտանիքը՝ կինն ու երեխաները, տեղափոխվել են Սոչի բնակության: Պատճառը Գրիգորյանների ընտանիքի շուրջ տեղի ունեցած աղմկահարույց բացահայտումներն են, որոնց արդյունքում գեներալ Մանվել Գրիգորյանը կալանավորված է:
Ավելին` հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրյալի կարգավիճակում է նաեւ Մ.Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը: Քրեական գործով մեղադրյալի կարգավիճակում է նաեւ Կարեն Գրիգորյանը, որ հրաժարական ներկայացրեց քաղաքապետի պաշտոնից:
Նրանց ընտանիքի շուրջ բացահայտումներին հասարակական արձագանքը բավական կոշտ էր, մարդկանց մեջ դեռ չի մարել ցասումը, եւ ամեն րոպե կա վրեժխնդիր լինելու վտանգը: Ըստ այդմ` մտավախություն կա Գրիգորյանների ընտանիքի մյուս անդամների, հատկապես երեխաների անվտանգության առումով:
Սա անգամ այն բանից հետո, երբ ոստիկանությունը Գրիգորյանների տան մոտ շուրջօրյա հսկողություն է սահմանել»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: