Բաժիններ՝

«Մեկ ամիս անընդհատ ծիրան ուտելն այնքան էլ լավ գաղափար չէ. Օրվա մրգի չափաբաժինը պետք է սահմանափակել…». սննդաբան

Ինչպես ճիշտ սնվել ամռանը… «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ԱՆ Ֆիզիկական բժշկության և կուրորտաբանության ԳՀԻ սննդաբան, գաստրոէնտերոլոգ, Երևանի պետական բժշկական համալսարանի ներքին հիվանդությունների ամբիոնի դասախոս Վարդանուշ Պետրոսյանը մի քանի խորհուրդ տվեց: Սննդաբանը նշեց, որ մեր առօրյա սնունդը պետք է հագեցած լինի սեզոնային մթերքներով:

«Ամառը հեշտ ապրելու ժամանակ է: Սակայն կան մի շարք մթերքներ, որոնք օգտագործելիս պետք է զգույշ լինել: Սկսենք նրանից, որ չոր եղանակային պայմաններում ճիշտ սնվելու առաջին կետը վերաբերում է ջրին: Ամռան տապին օրգանիզմը կորցնում է մեծ քանակությամբ հեղուկ, հանքային աղեր: Այդ իսկ պատճառով ամենից առաջ մենք պետք է ապահովենք ջրի քանակությունը մեր օրգանիզմում: Խոսքը ծորակի ջրի մասին է: Մարդու քաշի մեկ կիլոգրամի համար խորհուրդ է տրվում օգտագործել 28 մլ ջուր: Բացառություն են կազմում այն մարդիկ, ովքեր ունեն զարկերակային ճնշում, երիկամների հետ կապված խնդիրներ: Վերջիններիս առկայության դեպքում հեղուկի օգտագործումը սահմանափակվում է»,- նշեց նա:

Շատ քրտնող մարդկանց սննդաբանը խորհուրդ է տալիս սովորական ջրի հետ օգտագործել հանքային ջուր:

«Մեր հանքային ջրերը բուժիչ են և պարունակում են այնպիսի տարրեր, ինչպիսիք են կալիումը, նատրիումը, կալցիումը: Վերջիններս օրգանիզմից դուրս են գալիս քրտինքի միջոցով, և դրանք վերականգնելու համար խորհուրդ է տրվում օրական 2-3 բաժակ հանքային ջուր օգտագործել»,-ընդգծեց նա:

Տիկին Պետրոսյանի խոսքով՝ կալցիումի պակասը կարելի է լրացնել այլ սննդամթերքներով ևս, օրինակ՝ կաթնաշոռի, մածնի միջոցով: Սակայն կաթի դեպքում պետք է զգույշ լինել. այն արագ է փչանում:

Ամռանը մարդկանց մեծ մասը նախապատվությունը տալիս է մրգերին և բանջարեղենին: «Ամենանգամյա սննդի հետ պետք է օգտագործել մեծ քանակի բանջարեղեն: Այն հարուստ է վիտամիններով և հակաօքսիդանտներով: Հենց բանջարեղենն է օգնում հարթել շոգի կողմնակի ազդեցությունները, պայքարել մաշկի և մազերի չորության դեմ: Բանջարեղենը կարելի է օգտագործել տարբեր ձևերով՝ թե՛ թարմ, թե՛ խորոված, թե՛ շոգեխաշած»,- նշում է սննդաբանը:

Ի տարբերություն բանջարեղենի՝ միրգ օգտագործելիս պետք է ավելի տեղեկացված լինել: Մի շարք մրգեր մեծ քանակությամբ շաքար են պարունակում, ինչը վնասակար է օրգանիզմի համար: «Մրգի սեզոն է, բոլորը մտածում են՝ ինչքան շատ ուտենք, այնքան լավ: Բայց մրգի օգտակար նյութերը չեն կուտակվում օրգանիզմում, դրանք սպառվում են: Մեկ ամիս անընդհատ ծիրան ուտելն այնքան էլ լավ գաղափար չէ: Օրվա մրգի չափաբաժինը պետք է սահմանափակել կամ փոխարինել հատապտուղներով (կոկռոշ, ելակ, մոշ, ազնվամորի և այլն), որոնք ավելի օգտակար են»:

Հարկ է նշել, որ օրգանիզմի լիարժեք գործունեության համար հարկավոր են սպիտակուցներ, բայց, ինչպես պատմում է սննդաբանը, պետք է իմանալ, թե որ եղանակին որ սպիտակուցներն են ավելի օգտակար:

«Հիմա խորովածի եռուն սեզոնն է, բայց ցանկալի է, որ մսի սպիտակուցներին փոխարինեն բուսականները: Հիմա անհրաժեշտ է օգտագործել ընկույզներ, սերմեր, ծիրանի կորիզ, նուշ, լոբի: Լավագույն տարբերակը շաբաթը երկու-երեք անգամ միսը բուսական սպիտակուցներով փոխարինելն է: Դրանց փոքր քանակի մեջ շատ սննդարար նյութեր կան, որոնք և՛ ամռանը և՛ ձմռանը շատ կարևոր են»,- հավելեց նա:

Շոգ եղանակին թունավորումներից խուսափելու համար խորհուրդ չի տրվում ուտել դրսում լցված պաղպաղակ, սերուցքային քաղցրավենիք, թթվասեր, մայոնեզ: Անպայման պետք է հետևել հիգիենայի կանոններին, իսկ ջերմության, լուծի դեպքում դիմել բժշկի:

Պատրաստեց Սոնա Մկրտչյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս