Բաժիններ՝

Գիտական համագործակցությունը Սմիթսոնյան հաստատության հետ չափազանց արդյունավետ է. Ազգագրագետներ

Սմիթսոնյան ինստիտուտը օժանդակել է Հայաստանում գիտահետազոտական խոշոր ծավալներով աշխատանքներին: Արդյունքում ի հայտ են եկել մեծ քանակությամբ գիտական նյութեր: Հայ ազգագրագետները մեկնաբանում են Սմիթսոնյան հաստատության հետ համագործակցությունը: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:

Սա գիտականորեն հիմնված և դրա հենքի վրա կազմակերպված փառատոն է , ասում է ազգագրագետ Հարություն Մարությանը: Վերջինս ներկայացնում է Հնագիտության և ազգագրության ինստիտուտը, որը Սմիթսոնյան հաստատության գործընկերն է: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում կայացավ Սմիթսոնյան փառատոն, որը նվիրված է Հայաստանին և հայկական մշակութայի ժառանգությանը:

«Սա արդյունք է Հնագիտության և ազգագրության ինստիտուտի և Սմիթսոնյան ինստիտուտի միջև երկարատև համագործակցության: Վերջին 3 տարիներին մենք համագործակցել ենք գիտական ոլորտում»,- նշում է Մարությանը:

Վերջին տարիներին այդ համագործակցության միջոցով կատարվեց հսկա գիտահետազոտական աշխատանք: Դաշտային գիտական աշխատանքներ են տարվել Հայաստանի բազմաթիվ վայրերում, ներառյալ Վայոց Ձորի շուրջ 20 գյուղերում, Սյունիքում, և այլ մարզերում:

Կարդացեք նաև

Գիտական հետազոտություններն ընդգրկել են ժողովրդական մշակույթի տարբեր ոլորտներ: Լավաշի պատրաստումից մինչև գորգագործություն և կենցաղ. ազգագրագետներն ընդգծում են մշտական կապը անցյալի հետ:

«Առաջին բանը, ինչ տեսնում ենք, դա շատ արագ փոփոխություններն են: Թվում է, որ փոփոխություններն արմատական են, սակայն կապը անցյալի և ավանդույթի հետ նկատելի է»,- ընդգծում է Մարությանը:

Սմիթսոնյան հաստատության հետ հայ ազգագրագետների համագործակցության հիմնական նպատակներն են Հայաստանում գիտահետազոտական աշխատանքներին աջակցելը և զբոսաշրջության ոլորտի զարգացմանն օժանդակելը: Ազգագրագետ Լևոն Աբրահամյանն ընդգծում է, որ այս փառատոնի կազմակերպման նախաձեռնությունը Ամիթսոնյան հաստատությանն է:

Աբրահամյանի խոսքերով հայկական մշակութային ժառանգության ցուցադրումն ունի իր հիմնական ուղերձը և այն առնչվում է հայկական ժողովրդական մշակույթի պատմության և կենցաղի հետ:

«Հազար փոքր կտորներից կարելի է ստեղծել մեծ վիթխարի մի բան: Սա է մեր հիմնական ուղերձը, որը փորձում ենք այստեղ ապացուցել գործով»,- ասում է Լևոն Աբրահամյանը:

Ըստ նրա, Սմիթսոնյան հաստատության համագործակցելու առաջարկը բխում է վերջինիս գիտական արդյունքներ ստանալու առաջնահերթությունից: Արդյունքում Սմիթսոնյան հաստատությունը դիմեց ոչ թե փառատոն կազմակերպող, այլ գիտական հաստատությանը, մասնավորապես Հնագիտության և ազգագրության ինստիտուտին:

«Հիմնական գաղափարն էր ցույց տալ բնությունից դեպի մշակույթ անցումը»,- ընդգծում է Աբրահամյանը:

Իսկ ազգագրագիտության ինստիտուտի առաջատար գիտաշխատող Գայանե Շագոյանն ընդգծում է, որ Սմիթսոնյան հաստատության հետ գիտական համագործակցության արդյունքում ի հայտ եկան մեծ քանակությամբ նոր նյութեր:

«Ահռելի քանակությամբ նյութեր գրանցվեցին, այնպիսի մանրամասնություններով և բոլոր չափանիշներին համապատասխան: Դրանք պատրաստի նյութեր են Սմիթսոնյան թանգարանում արխիվացնելու համար»,- նշում է Շագոյանը:

Ազգագրագետները հույս ունեն, որ համագործակցությունը Սմիթսոնյան հաստատության հետ կլինի շարունակական: Հաջորդ քայլը կարող է լինել հավաքագրված նյութերի հրապարակումը նոր գրքի տեսքով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս