«Լիբանանի հայկական համայնքային կառույցները շարունակում են մնալ գերակտիվ». դեսպան
Լիբանանի հայկական համայնքային կառույցները շարունակում են մնալ գերակտիվ, իրականացնել իրենց աշխատանքը՝ անկախ համայնքում առկա խնդիրներից: Այս մասին Բեյրութում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Լիբանանում Հայաստանի Հանրապետության դեսպան Սամվել Մկրտչյանը:
«Հայկական համայնքի խնդիրների մասին խոսելիս պետք է նշեմ դպրոցների հարցը. վերջերս դրանք ֆինանսական խնդիրներ ունեն, քանի որ հայկական համայնքի միջոցներով են պահվում: Եթե նախկինում մոտ 65 դպրոց ունեինք, ապա այժմ դրանց թիվը 20-ի է հասել: Կրճատվել է աշակերտների թվաքանակը: Ու չնայած այս հանգամանքին՝ համայնքը հնարավորությունների սահմանում փորձում է պահպանել ու ամրապնդել այն, ինչ ունի»,- հայտարարեց Մկրտչյանը:
Նա ընդգծեց, որ համայնքի խնդիրներն առհասարակ բնորոշ են ողջ Լիբանանին, մասնավորապես՝ կապված են երկրի տնտեսության ոչ բարվոք վիճակի հետ: Դեսպանն ընդգծեց, որ այժմ երկրի կարևորագույն խնդիրներից է բարձր պետական պարտքի նվազեցումը: «Իրողությունն այն է, որ Լիբանանը բարձր մակարդակի միջազգային աջակցություն ունի: Վերջերս Փարիզում կայացած խորհրդաժողովի ժամանակ քննարկվել է Լիբանանում 11 մլրդ ԱՄՆ դոլարի ներդրում անելու հարցը: Այդ գումարներն ուղղվելու են ենթակառուցվածքների բարելավմանն ու նոր ենթակառուցվածքների ստեղծմանը: Հեռանկարային է նաև Լիբանանում նավթի ու գազի պաշարների առաջիկա շահագործման հեռանկարը»,- ընդգծեց դեսպանը:
Նա հիշեցրեց, որ վերջերս տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքում խորհրդարանում ունենք 6 հայազգի պատգամավոր: Կառավարության կազմում ևս նախատեսված է հայ համայնքին նախարարական 2 պորտֆել տրամադրել:
Դիվանագետը կարևորեց հայ համայնքի դերը Լիբանանի զարգացման գործում՝ նկատելով, որ համայնքը պատմականորեն կարևոր գործառույթներ է իրականացրել տարվեր ոլորտների զարգացման հարցում: