Զինկոմիսարիատների թվի կրճատմամբ պայմանավորված գործազուրկների թիվը չի ավելանա. Արծրուն Հովհաննիսյան
Զինկոմիսարիատների թվի կրճատմամբ պայմանավորված գործազուրկների թիվը չի ավելանա: Իրենց հաստիքը կորցրած անձանց առաջարկվելու են այլ տարբերակներ: «Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիս»-ում այս մասին հայտարարեց ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Ներկայում խնդրի լուծման առաջնային փուլն է: Մարդուն չեն կրճատելու ու թողնեն գործազուրկ: Լինելու է օպտիմալացում: Եթե մարդը մեկ վայրում կորցնելու է իր հաստիքը, իրեն առաջարկվելու է այլ լուծում՝ միավորված զինկոմ շրջաններում, մոտակա զորամասի շրջանակում»,-ասաց Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ եթե հեռու համայնքներում աշխատելը ձեռնտու չլինի, առաջարկվելու է աշխատանք նաև մեծ բնակավայրերում զինկոմիսարիատի ապահովման կետերում: Ուղղակի կրճատումներ չեն լինելու, որոշ հաստիքներ վերանայվելու են: «Մարդիկ մեծ մասամբ չեն տուժելու: Գործազուրկների թիվն այս գործընթացի շրջանակում չի ավելանալու»,-վստահեցրեց ՊՆ խոսնակը:
Զինկոմիսարիատների բարեփոխումների հայեցակարգը ենթադրում է զինկոմիսարիատների թվի կտրուկ կրճատում, խոշորացում, հնարավորությունների ավելացում,դրանց բացազատման սխեմաների սահմանում պատերազմական վիճակի համար և դրանցում քաղաքացիական հաստիքների թվի կտրուկ ավելացում, զինվորական հաստիքների պահպանում այն պաշտոններում, որտեղ այդպիսի գիտելիքներն անհրաժեշտ են զինկոմիսարիատի աշխատանքներն արդյունավետ իրականացնելու համար: