«ՀՀԿ-ի շանսը ոչ միայն ռեբրենդինգն է, այլև՝ որ այսօրվա իշխանությունները ձախողեն». Վիգեն Հակոբյան

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը գտնում է՝ ընտրություններից առաջ մի շարք խորհրդարանական և արտախորհրդարանական կուսակցություններ իրենց ներսում պետք է փոփոխություններ կատարեն։

Այսօր «Ավտորիտա՞ր, թե՞  ժողովրդավար. ո՞ր մոդելն են նախընտրում  հայաստանյան կուսակցությունները» թեմայով հրավիրված քննարկման ժամանակ նա տեսակետ հայտնեց, որ այն, ինչ կար 1990-ականներին, հիմա չի անցնում. «Հիմա պետք է գնա քաղաքական դաշտի խոշորացում։ Շատ կուսակցություններ, որոնք որևէ հեռանկար չունեն, պետք է փորձեն միավորվել»։

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն էլ նշեց, որ ՀՀԿ, ՀՅԴ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները «հոգնած» են. «Գիտության մեջ նման բան կա, որ անգամ երկաթն է հոգնում։ Եթե 30 տարի այդ նույն մարդիկ են եղել, այս երիտասարդությունը, որը գալիս է, նրանք չեն ընտրելու այդ դեմքերին։ Իրենք պետք է հասկանան, որ ժամանակն է՝ փոխվելու։ ՀՀԿ-ն մեծամասնություն է, բայց ինքը փաստացի պարտված կուսակցություն է, ու այնտեղ էլ պետք է բարեփոխումներ լինեն»։

Վ. Հակոբյանը  գտնում է՝ շատ կուսակցություններում կա անձի պաշտամունքի խնդիր. «Այսինքն՝ խոսելով ժողովրդավարության մասին, տարբեր պահանջներ դնելով՝ իրենք իրենց ներսում  իսկապես այլ սկզբունքների են դավանում։ Եթե ուզում են հաջողություն ունենալ առաջիկա ընտրություններում, պետք է իսկապես փոխվեն, որովհետև այդ մարդիկ իսկապես շատ են հոգնեցրել»։

Կարդացեք նաև

Նրա խոսքով՝ ՀՀԿ-ն նոր ընտրությունների պետք է գնա ռեբրենդինգ արված. «Այստեղ ոչ միայն ֆասադային առումով պետք է փոփոխություններ լինեն, այլև՝ բովանդակային»։

Հարցին՝ ԱԱԾ բացահայտումներից հետո այդ կուսակցությունը հեռանկար ունի՞, Վ. Հակոբյանը պատասխանեց, որ այս պահին ՀՀԿ-ն պետք է փորձի ընդամենն անցողիկ շեմը հաղթահարել. «Ամեն ինչ կախված է նրանից, թե երբ կլինեն ընտրությունները։ Մի բան է, եթե լինի հիմա, մի բան է, եթե լինի 1 տարի հետո։ ՀՀԿ-ի շանսը ոչ միայն ռեբրենդինգն է, այլև՝ որ այսօրվա իշխանությունները ձախողեն»։

Վ. Հակոբյանը ՀՀԿ-ին «թաղված» կուսակցություն չի համարում. «Դա կախված է նաև նրանից, թե այսօրվա իշխանություններն ո՞ւմ են իրենց գլխավոր մրցակիցը համարում։ Եթե դա «Ծառուկյան» դաշինքն է, չեմ բացառում, որ իրենց անհրաժեշտ լինեն բնական դաշնակիցներ «Ծառուկյան» դաշինքից ձայներ տանելու համար։ Մարզերում այլ տրամադրություններ կարող են լինել, քան Ֆեյսբուքում են։ Դրա համար ես ՀՀԿ-ին այս պահին վերջնական չէի թաղի»։

Տեսանյութեր

Լրահոս