Բաժիններ՝

Հյուրանոցային ոլորտի հասույթը 2017 թվականին աճել է 23.8%-ով

2017 թվականին արձանագրված ներգնա զբոսաշրջության 18.7%-անոց աճը դրական է անդրադարձել ՀՀ հյուրանոցային ոլորտի եկամուտների վրա։ Այս մասին են վկայում ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալները։

Հիշեցնենք, որ 2017 թվականին Հայաստան են այցելել շուրջ 1.5 մլն զբոսաշրջիկ՝ 2016 թվականի 1.26 միլիոնի դիմաց։

Արդյունքում, Հայաստանի հյուրանոցային տնտեսության օբյեկտների ընդհանուր հասույթը 2017 թվականին կազմել է 28 մլրդ 724.1 մլն դրամ, ինչը 2016 թվականի ցուցանիշից բարձր է 5 մլրդ 466.2 մլն դրամով կամ 23.8%-ով:

Աճել է նաև հյուրանոցային տնտեսության օբյեկտների թիվը։

Այսպես, եթե 2015 թվականին Հայաստանում գործում էր հյուրանոցային տնտեսության 474 օբյեկտ, 2016-ին այդ թիվը կազմել է 549, իսկ 2017-ին՝ 556։

Նշենք նաև, որ հյուրանոցային տնտեսության օբյեկտների և ոլորտի շահույթի մեծ մասը կենտրոնացած է Երևանում։

Այսպես, 556 հյուրանոցներից 320-ը մայրաքաղաքում են (2016 թվականին՝ 302-ը), իսկ ոլորտում գեներացված 28.4 մլրդ դրամ հասույթից 22.8 մլրդ դրամը բաժին է ընկնում մայրաքաղաքին։ Համեմատության համար նշենք, որ 2016 թվականին Երևանում գործող հյուրանոցային տնտեսության օբյեկտների հասույթը 18.6 մլրդ դրամ էր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս