«Եթե Արամ Սարգսյանը թողնի կուսակցությունը, պատգամավորական մանդատն ու ասի՝ «տղերք, ես ձեզ հետ եմ», Արոյին չեմ ընտրի, կընտրեմ իրեն». Մկրտիչ Թադևոսյան

«Արաբո» հատուկ նշանակության ջոկատի հետախուզության հրամանատար Մկրտիչ Թադևոսյանը գտնում է՝ ԵԿՄ նախագահի երդմնակալության տեքստը պետք է փոխվի։

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ  Մ. Թադևոսյանն ասաց, որ այդ տեքստը պետք է լինի հետևյալը. «Երդվում եմ՝ եթե կոռումպացված բաներ կանեմ, ինձ ազգի դավաճան հանեք, հրապարակում ամեն ազատամարտիկ թող ապտակի»։

Նա ասաց, որ ԵԿՄ նախագահի ընտրության ժամանակ ինքը պաշտպանելու է ԵԿՄ անդամ Արա Խուդավերդյանի՝ Կոռնիձորի Արոյի թեկնածությունը, քանի որ գիտի՝ նա ինչ ճանապարհ է անցել։

Նա դեմ է, որ ԵԿՄ նախագահների խորհուրդ լինի, և ոչ թե՝ մեկ նախագահ. «Ժամանակին ուտում էր մի հոգի, հիմա ուզում են 7 հոգով ուտեն, այդ 7 կամ 5 հոգին, որ այնտեղ նստած են, ժամանակին աշխատել են, կերել են, ունեն դղյակներ։ Դա մաքուր կառույց էր՝ ստեղծված կռված տղերքի ուժով, էսօր էդ մարդիկ պղտորեցին հա՛մ էդ կառույցը, հա՛մ դրա անունը։ Ամեն մարդ գիտի՝ ինքն ով է եղել, թող գնան, նայեն տվյալ մարդիկ, որ այնտեղ նստած են, ժամանակին պաշտոններ էին գրավում, ո՞ր մի կռվող տղու համար են ինչ-որ բան արել։ Այն ազատամարտիկները, որոնք ապրել են այդ մարդկանց գյուղերում, միշտ վարկաբեկվել են նրանց կողմից, և այլն»։

168.am-ի ճշտեղ հարցին՝ կոնկրետ ո՞ւմ նկատի ունեք, Մ. Թադևոսյանն այսպես պատասխանեց. «Ես անվանական ոչ մեկի անունը չեմ տալիս, էդ մարդիկ լավ գիտեն՝ ում մասին եմ խոսում, իսկ երբ վախտը կգա, որ անուններ տամ, համագումարի ժամանակ կլսեք ինձնից»։

Մենք նաև հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ է նա դեմ, օրինակ, Արամ Սարգսյանի թեկնածությանը։ Ի պատասխան՝ Կ. Թադևոսյանն ասաց.

«Վազգեն Սարգսյանի ընտանիքն ինձ համար բարձունքին է։ Ես Վազգեն Սարգսյանի կոչով գնացի, պատրաստ էի մեռնել։ Ես այդ ընտանիքի մասին ոչինչ չէի ուզում ասել, ընդամենն ասացի՝ այն իմ հոգու մեջ բարձունքում է։ Արամ Սարգսյանն ինքն է ասում ՝ իրենից ի՞նչ «Երկրապահի» նախագահ. եթե մի մարդ պատերազմի դաշտում չի եղել, չի հասկանում այդ գործից, այդ մարդը գալու է՝ ի՞նչ անի։ Այդ մարդը գալու է, նշանակի ինչ-որ մեկին, ով զբաղվելու է երկրապահ տղերքի դարդ ու ցավով։  Ինքն այսօր քաղաքականությամբ զբաղված մարդ է, իր կուսակցությունն ունի։

Նա իր կուսակցության, դաշինքի, պատգամավորի ճառի մասին մտածի՞, թե՞ գա երկրապահ 15 հազարանոց զորքի մասին մտածի։ Ինքը շատ լավ մարդ է, լավ ընտանիքի զավակ է, ես իրեն չեմ տեսնում ԵԿՄ նախագահ, ես իրեն կտեսնեմ ԵԿՄ նախագահ այն դեպքում, որ ամեն ինչը թողնի, գա նստի նախագահ, ընտիր նախագահ կլինի, թողնի կուսակցությունը, պատգամավորական մանդատն ու ասի՝ «տղերք, ես ձեզ հետ եմ»։ Արոյին չեմ ընտրի, կընտրեմ իրեն»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս