Իրաքում 12 մարդ է մահապատժի ենթարկվել ահաբեկչության մեղադրանքով
Իրաքում 12 մահավճիռ է ի կատար ածվել ահաբեկչական գործունեության մեջ մեղադրվողների նկատմամբ: Այդ մասին հայտնել է «Հյուրիեթ» թուրքական թերթը:
«Վարչապետ Հայդեր ալ Աբադիի հրամանագրին համապատասխան, ահաբեկչության մեջ 12 մեղադրյալների նկատմամբ դատավճիռներն ի կատար են ածված»,-թերթը մեջբերում է արել Իրաքի կառավարության հաղորդագրությունից:
Մահապատիժներն իրականացվել են այն բանից ընդամենը մի քանի ժամ անց, երբ վարչապետ Հայդեր ալ Աբադին պահանջել է անհապաղ ի կատար ածել դատավճիռները, նշում է թերթը:
Մահապատժի ենթարկվածները մեղավոր են ճանաչվել Իրաքի անվտանգության ծառայությունների յոթ աշխատակիցների առեւանգման ու սպանության մեջ: Նախօրյակին այն բանից հետո, երբ մերժվեցին կալանավորների վերջին բողոքարկումները, վարչապետը հայտարարեց, որ նրանք անհապաղ պետք է հատուցեն իրենց արածի համար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: