«Ահաբեկչական խմբավորումները կարող են հարձակումներ իրականացնել զբոսաշրջային տեղանքների, առևտրի կենտրոնների, ժամանցային վայրերի վրա». ԱՄՆ պետդեպը հայտարարություն է տարածել
Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը նոր նախազգուշացում է հրապարակել Թուրքիա այցելել ցանկացող ԱՄՆ քաղաքացիների համար: Պետդեպը հայտարարության մեջ նշվում է, որ Թուրքիայի որոշ հատվածներում մեծացել է ահաբեկչության վտանգը:
Մասնավորապես, ԱՄՆ-ից հորդորել են քաղաքացիներին չայցելել Թուրքիայի հարավ-արևմտյան, Սիրիայի հետ սահմանակից հատվածներ, որտեղ կա ահաբեկչության մեծ վտանգ:
«Ահաբեկչական խմբավորումները մտադրված կերպով թիրախավորում են Արևմտյան երկրներից այցելող զբոսաշրջիկներին: Նրանք կարող են հարձակումներ իրականացնել զբոսաշրջային տեղանքների, տրանսպորտային հանգույցների, առևտրի կենտրոնների, ժամանցային վայրերի վրա»,- ասվում է պետդեպ հայտարարության մեջ՝ նշելով, որ ԱՄՆ կառավարությունը սահմանափակ հնարավորություններ ունի արտակարգ ծառայություններ մատուցել Թուրքիայի հարավ-արևելք ճամփորդող իր քաղաքացիներին, քանի որ ԱՄՆ կառավարությունը սահմանափակումներ է մտցրել իր աշխատակիցների՝ այդ շրջաններ այցելելու գործում:
ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունից հայտնել են նաև, որ Թուրքիայում շարունակվող արտակարգ դրության պայմաններում անվտանգության ուժերը բերման են ենթարկել տասնյակ հազարավոր անհատների, այդ թվում և ԱՄՆ քաղաքացիների, ովքեր մեղադրվում են ահաբեկչական կազմակերպությունների հետ առնչություններ ունենալու մեջ, ինչը, ամերիկյան կողմի գնահատմամբ, շատ հաճախ քաղաքական շարժառիթների ունի:
Պետդեպարտամենտը հորդորել է Թուրքիա այցելել պատրաստվող քաղաքացիներին զգուշ լինել հայտնի զբոսաշրջային վայրերում գտնվելուց, խուսափել ցույցերին մասնակցելուց, հետևել տեղական մեդիային ու պետդեպ հրապարակումներին: