«Երբ Մեսսին գրկեց ինձ, ես երջանիկ էի». Սամպաոլի
Արգենտինայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խորխե Սամպաոլին հավաքականի հետ Աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչ անցնելուց հետո լրագրողների հետ խոսել է Նիգերիայի հետ խաղի և առհասարակ Աշխարհի առաջնությունում իր հավաքականի մասնակցության մասին:
– Ի՞նչ կարող եք ասել Նիգերիայի մասին:
– Ես կարծում եմ, որ նրանք ունեն շատ լավ թիմ: Մուսան, Մոզեսը և մյուսները կարող են փոխել ոչ միայն խաղի, այլև առաջնության ընթացքը: Անգամ այնպիսի առաջնության ընթացքը, ինչպիսին Աշխարհի առաջնությունն է: Երբ նրանք ունենան ավելի շատ փորձ, ինդիվիդուալ աճ գրանցեն, նրանք կդառնան անկասելի հավաքական:
Առաջին խաղակեսում մենք Նիգերիայից լավ էինք խաղում: Մենք տիրում էին գնդակին, կարողանում էին առաջ շարժել: 11-մետրանոցից հետո մենք սկսեցինք անհանգստանալ, մեզ ճնշում էր այն, որ մենք կարող ենք դուրս չգալ: Մենք խաղում էինք սրտով:
– Դուք հաղթեցիք մարտավարությա՞ն, թե՞ հոգեբանության շնորհիվ:
– Բոլոր խաղացողներն ունեին հավատ: Նրանք գիտեին, որ իրենք հիասքանչ ֆուտբոլիստներ են: Դա միայն պետք էր ցույց տալ: Մենք հաղթեցինք շատ բարդ մրցակցի: Մենք նրանց հետ խաղացել էինք ընկերական խաղում: Այս խաղում մեր ուժերը բավականացրին մինչև վերջ պայքարելու համար: Մենք շատ լավ գիտակցում էինք, որ մրցակցին բավականացնում է ոչ-ոքի արդյունքը: Մենք ցանկանում էինք ստեղծել պահեր, անում էինք փոխարինումներ: Խաղացողները ցուցաբերեցին տղամարդկություն: Հենց դա հնարավոր դարձրեց երկրորդ գոլը:
– Ինչպե՞ս է Մեսսին: Ասում էին, որ նա ճնշված է առաջին շաբաթից հետո:
– Երբ Մեսսին գրկեց ինձ, ես երջանիկ էի: Նա գիտի, որ ես շատ էմոցիոնալ եմ հետևում խաղին: Նա գիտի, որ ամեն օր ես մտածում եմ հաջորդ հանդիպման մասին: Նա գիտի ինձ շատ լավ: Նա գիտի, որ վերջին ժամանակներում ես կարողացել եմ հետևել նրա խաղին կատալոնական ակումբում: Նա գիտի, որ մենք ունենք ընդհանուր երազանք ՝ գալ Ռուսաստան և այստեղ Արգենտինայի համար ինչ-որ նշանակալի բան անել:
Կարծում եմ, որ մենք շատ լավ խաղացինք, երբ Մեսսին աջից էր գործում: Նա փորձում էր փոխանցել կենտրոն, առաջ գնալ: Երբ թիմում կա Մեսսի, մարզիչները գիտեն, որ պետք է այնպես անել, որ ով գտնվում է Մեսսիի կողքին, նրա համար հարմարավետություն ստեղծի:
Հակառակ դեպքում՝ մենք կունենանք աշխարհի լավագույն ֆուտբոլիստին, ով չի կարողանա անել ոչինչ: Մյուս խաղացողները ևս պետք է օգուտ բերեն:
– Առաջ դուք ասում էիք, որ Արգենտինան երկրորդ խաղակեսերում ավելի լավ է խաղում, քան առաջինում:
– Իսլանդիայի հետ խաղի երկրորդ խաղակեսում մենք ավելի լավ խաղացինք: Այս խաղում մենք հրաշալի խաղացինք առաջին խաղակեսում: Ֆուտբոլիստները խաղացին այնպես, ինչպես ես սպասում էի: Եթե մենք հետևողական լինենք, կարող ենք ավելի հեռու գնալ, քան 1/8 եզրափակիչն է:
Ֆրանսիայի հետ խաղը շատ բարդ է լինելու, պետք է միավորվել և հաղթել:
– Կփոխե՞ք դուք կազմը: Հիմա մեդիան ձեր մասին լավ բաներ կգրի: Ինչպե՞ս եք դուք վերաբերվում դրան:
– Մեկնարկային կազմը կախված կլինի նաև Ֆրանսիայի հավաքականից. Պետք է ուշադիր հետևել նրանց խաղին: Մենք ունենք մի քանի օր: Պետք է որոշումներ կայացնել նաև նրանց
փոխարեն:
Ես չեմ ուզում գնահատել մեդիայի աշխատանքը: Կարծում եմ՝ մեդիան ստեղծված է հենց նրա համար, որ ասի այն, ինչ ուզում է լսել ինֆորմացիոն սպառողը: Մեզ պետք է խորը վերլուծություն: Պետք է հասկանալ, թե ինչու այս ամենը տեղի ունեցավ վերջին 3 խաղերում: Ինձ հետաքրքիր է, թե ինչու է մեդիան գրում այդքան տխուր պատմություններ: Սա միայն նրանց մասին չէ, սա նաև ընթերցողների սպասումների մասին է: Ընթերցողին տալիս են այն, ինչ նա ցանկանում է կարդալ:
– Ֆրանսիացիների հետ խաղը ֆուտբոլիստներին հնարավորություն կտա՞ ավելի լավ ընդգծել իրենց լավ խաղը: Մեսսին կարո՞ղ է իրեն դրսևորել էլ ավելի ուժեղ:
– Մրցակիցն ավելի ուժեղ է, նրանք վաղուց են խաղում իրար հետ: Մեսսին էլ գիտի նրանց: Նա ցուցադրում է իր ֆանտաստիկ կարողությունները: Առանց մյուսների օգնության՝ Մեսսին չի կարողանա, նրան պետք է օգնություն, որպեսզի նա բացվի այնպես, ինչպես այսօր:
Մեսսիի համար ամենից կարևորը մարդկային հատկանիշներն են: Նա կարող է և՛ արտասվել, և՛ ուրախանալ, նա չի թաքցնում իր էմոցիաները: Շատերն ասում են, որ Մեսսին չի սիրում հավաքականի համար խաղալ: Համաձայն չեմ: Նա պաշտում է Արգենտինայի հավաքականը:
– Այսօր դուք և թիմը ցույց տվեցինք, որ կարող եք ավելին անել:
– Ես ղեկավարում եմ թիմը: Դրա համար ֆուտբոլիստները պետք է իմանան, թե ինչ պետք է անել կոնկրետ խաղերում: Երբ մենք խաղում էինք Իտալիայի հետ, ինձ հարցրին, թե ինչ եմ մտածում մրցակցի մասին: Ես խոսեցի ֆուտբոլիստների հետ և հարցրի նրանց, թե ինչ գիտեն իրենք մրցակցի մասին: Ես հաշվի առա այն, ինչ ասացին ֆուտբոլիստները, բայց վերջնական որոշում կայացրի ինքս:
Կարևոր է նույն ոճով խաղալը, կարևոր է սեփական ֆուտբոլիստներին հասկանալը: Ֆուտբոլիստները հասկանում են, որ մարզիչը հաճախ չի կարողանում հասկանալ՝ ինչ է կատարվում իրենց հետ: Դրա համար պետք է անցնել տարբեր էտապներ, լինելու համար ավելի պատրաստված:
Սիրարփի Աղաբաբյան