Բաժիններ՝

«Առաջիկա հինգ օրերին հանրապետությունը գտնվելու է ակտիվ ջերմային ալիքի ազդեցության գոտում». Գագիկ Սուրենյան

Հայաստան տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված առաջիկա օրերին հանրապետության տարածքում կլինի +40:

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց, որ Իրաքից եկող տաք օդային հոսանքների ներհոսքը սկսվել է, ներթափանցում են հարավ-արևմուտքից: Առաջին ընդգրկման շրջանը կլինի Արարատյան դաշտը, ըստ կանխատեսումների, հունիսի 27-ին ջերմաստիճանը կհասնի +38-ի:

«Առաջիկա հինգ օրերին, հուլիսի 2-ն էլ ներառյալ, հանրապետությունը գտնվելու է ակտիվ ջերմային ալիքի ազդեցության գոտում: Հունիսի 27-30-ն ընկած ժամանակահատվածում օդի ջերմաստիճանը երեկվա համեմատ բարձրանալու է 4-5 աստիճանով: Հանրապետության տաք շրջաններում՝ Արարատյան դաշտում և Երևանում, Սյունիքի հովտային գոտիներում, արդեն հունիսի 29-ին կարող ենք արձանագրել մինչև +40 աստիճան: Տավուշի հովտային գոտիներում օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-38-ի: Լեռնային հատվածներում առավելագույն ջերմաստիճանն այդ օրերին կհասնի 30-34-ի, Արցախի ցածրադիր հատվածներում՝ մինչև 37 աստիճանի»,- ասաց Գագիկ Սուրենյանը:

Քանի որ բավական բարձր ջեմային ֆոն է, հետևաբար ԱԻՆ-ը բնակչությանը կոչ է անում ցերեկային ժամերին, հատկապես ժամը 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:

«Մեր հաջորդ կոչը հրդեհավտանգության հետ է կապված: Քանի որ տեղումները դադարում են, և լինելու է բարձր ջերմային ֆոն, ապա հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում ձևավորվելու է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Այնպես որ, մեր բնակչությանը կոչ ենք անում, բնության մեջ լինելու ժամանակ, շատ զգույշ լինել կրակի հետ և պահպանել հրդեհավտանգության կանոնները, որպեսզի անցած տարվա պատկերը չունենանք»,-ասաց Գագիկ Սուրենյանը:

Ինչ վերաբերում է հուլիս ամսվա եղանակակլիմայական պայմաններին, ապա Գագիկ Սուրենյանը նշեց, որ նախորդ տարի հուլիսին Հայաստանում տևական ժամանակ եղել է անոմալ բարձր ջերմային ֆոն, այդ տաք օդային հոսանքների ներհոսքն անդադար էր: Այս տարվա հուլիսը, ըստ կանխատեսումների, մի փոքր կտարբերվի այն առումով, որ ժամանակ առ ժամանակ այդ տաք օդային հոսաքները կընդհատվեն Սև ծովից եկող համեմատաբար սառը օդային հոսանքներով, ինչի արդյունքում օդի ջերմաստիճանը կնվազի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս