«Մոսկվան չի կարծում և երբեք չի կարծի, որ Ադրբեջանի քաղաքականությունը Ղարաբաղում կառուցողական է, դա նոնսենս է». Կոլերովը` Վոլոդինի ադրբեջանամետ հայտարարության վերաբերյալ

«Հիմնվում ենք ՌԴ նախագահի դիրքորոշումների և քաղաքականության վրա, որը պաշտոնապես կոչ արեց Ադրբեջանին դադարեցնել ռազմական գործողությունները՝ դրանով իսկ ուղիղ կերպով ցույց տալով, որ Ադրբեջանի ռազմական գործողություններն ադեկվատ չէին»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական, վերլուծաբան Մոդեստ Կոլերովը՝ անդրադառնալով ՌԴ Պետդումայի նախագահի ադրբեջանամետ հայտարարություններին:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը Բաքվում հայտարարել է Լեռնային Ղարաբաղում իրադրության սրում թույլ չտալու անհրաժեշտության մասին: «Լեռնային Ղարաբաղի հարցերը չեն կարող մեզ չանհանգստացնել: Դուք գիտեք, որ Ռուսաստանը հանդես է գալիս այդ հակամարտության խաղաղ կարգավորման օգտին… Բոլոր նրանք, ովքեր հանդես են գալիս հօգուտ հարաբերությունների սրման, բոլոր նրանք, ովքեր չեն լսում խաղաղ ապրելու ժողովրդի ցանկությունը, իհարկե, գնում են լարվածության ճանապարհով: Մենք պետք է ամեն ինչ անենք՝ կանխելու դա: Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հարցում մշտապես ունեցել է ճիշտ և կառուցողական դիրքորոշում»,- Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Օքթայ Ասադովի հետ կայացած հանդիպման ընթացքում հայտարարել է Վոլոդինը:

Մոդեստ Կոլերովն ասաց, որ չի կարող վստահեցնել, որ Վոլոդինին ճիշտ են մեջբերել: Միաժամանակ նա նշեց, որ մամուլում տարածում գտած այս ձևակերպումները չեն հերքվել, ինչը նշանակում է, որ Վոլոդինը ստորագրում է իր ձևակերպումների ներքո: Կոլերովի դիտարկումների համաձայն՝ այդ հայտարարությունը, մեջբերումը հակասում է վերջին երկու տարիների իրադարձություններին, որոնք ծավալվել են ԼՂ հակամարտության գոտում, հակասում է այն գնահատականներին, որոնք պաշտոնական Մոսկվան տվել է այդ իրադարձությունների վերաբերյալ:

«Մոսկվան չի կարծել, չի կարծում և երբեք չի կարծի ապրիլյան պատերազմը` 2016 թվականի, կառուցողական, դա նոնսենս է: Դա կարող եք հեշտությամբ ստուգել: Ձևակերպումը, բնականաբար, փաստերին հակասում է, և մասնավորապես՝ 2016 թվականի ապրիլի սկզբի պատերազմին: Եվ այն մասին, որ 2016 թվականի ապրիլ ամսին պատերազմ սկսելով՝ Ադրբեջանն իրեն չդրսևորեց՝ որպես բանակցային ադեկվատ կողմ, Ռուսաստանում շատ լավ գիտեն, և Ռուսաստանի մասնակցությունը 2016 թվականի պատերազմական գործողությունների դադարեցման հարցում խոսում է այն մասին, որ Ռուսաստանը ստիպված եղավ ուղղել Ադրբեջանի ոչ ադեկվատ վարքագիծը: Այս ուղղման գործին մասնակցեց անձամբ ՌԴ նախագահ Պուտինը: Ուստի մենք հիմնվում ենք ՌԴ նախագահի դիրքորոշումների և քաղաքականության վրա, որը պաշտոնապես կոչ արեց Ադրբեջանին դադարեցնել ռազմական գործողությունները՝ դրանով իսկ ուղիղ կերպով ցույց տալով, որ Ադրբեջանի ռազմական գործողություններն ադեկվատ չէին»,- նման տեսակետ հայտնեց Կոլերովը՝ հավելելով, որ գուցե Վոլոդինն ի նշան քաղաքավարության է նման հայտարարություն արել Բաքվում:

Դիտարկմանը, թե կան կարծիքներ, որ ՌԴ-ն չի աջակցում ՀՀ ներկայիս իշխանություններին, ուստիև չի միջնորդում, որպեսզի շփման գծում ստեղծված լարվածությունը չեզոքանա, դրանով իսկ աջակցելով Ադրբեջանին, Մոդեստ Կոլերովն ասաց, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկու հանդիպումների արդյունքներով Փաշինյանի արած հայտարարություններն այն մասին, որ նրա և Պուտինի միջև լավ հարաբերություններ են սահմանվել, չեն հերքվել Ռուսաստանում որևէ պաշտոնյայի կողմից:

«Սա բավարար է հարաբերությունների մասին կարծիք կազմելու համար: Կարելի է համարել երկու հանդիպումները դրական, լավ հարաբերությունների համար հիմքը դրված է»,- նկատեց Կոլերովը:

Ինչ վերաբերում է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ ՌԴ դիրքորոշմանը, ապա Կոլերովը նշեց, որ Ռուսաստանը որևէ առիթ չի տվել կարծելու, որ ՌԴ դիրքորոշումը փոխվել է: Ավելին, նրա խոսքով, վերջին շրջանում բոլոր համանախագահ երկրները հանդես են գալիս բանակցային գործընթացում Ղարաբաղի մասնակցության օգտին: «Ուստի, կարծում եմ, որ հիմքեր չկան ասելու, որ փոխվել է դեպի բացասականը Ղարաբաղի հարցում ՌԴ դիրքորոշումը: Կրկնում եմ, որ Ղարաբաղի համար բացասական ուղղությամբ չի փոխվել Ռուսաստանի դիրքորոշումը»,- ասաց Կոլերովը:

Անդրադառնալով կարծիքներին, որ Ռուսաստանում չկազմակերպելով Փաշինյան-Ալիև հանդիպում, ՌԴ նախագահը պատասխանատվություն չստանձնեց ԼՂ հակամարտության գոտում տեղի ունենալիք իրադարձությունների համար, Կոլերովն ասաց. «Պետք է կազմակերպվե՞ր նման հանդիպում: Հայաստանը խնդրե՞լ էր, որ կազմակերպվի նման հանդիպում: Դժգոհություններ չեն կարող լինել, եթե Հայաստանը չի խնդրել նման հանդիպում կազմակերպել»:

Նա պնդեց, որ ՌԴ դիրքորոշումը չի փոխվել, և Ռուսաստանը մշտապես հանդես է եկել կառուցողական միջնորդի դիրքից՝ փորձելով չեզոքացնել լարվածությունը, ինչպես 2016 թվականի ապրիլ ամսին:

Տեսանյութեր

Լրահոս