Բաժիններ՝

Ճապոնիայում բերման են ենթարկել 30 տարի անմարդաբնակ կղզում ապրած տղամարդուն

Ճապոնացի տղամարդուն, որը 30 տարի մենակության մեջ ապրել է Սոտոբոնարի կղզում, ստիպել են վերադառնալ քաղաքակրթություն: Այդ մասին գրել է News.com.au-ն: «Ճապոնացի Ռոբինզոնը»՝ Մասաֆումի Նագասակին, որն այժմ 82 տարեկան է, կղզում ապրել է առանց ջրատարի, բջջային կապի, լուսավորության սարքերի ու հագուստի:

Այն բանից ոչ շատ առաջ, երբ իշխանությունները տղամարդուն ստիպել են լքել կղզին եւ նրան ուղարկել են հիվանդանոց, նա Ալվարո Սերեզոյին՝ ճգնավորի կյանքի մասին վավերագրական ցիկլի հեղինակին, պատմել է, որ երբեք չի հեռանա կղզուց: «Ես չեմ ցանկանում մեկնել այստեղից: Ես պաշտպանելու եմ կղզին: Ես կվտանգեմ կյանքս, որպեսզի պաշտպանեմ կղզին: Ես երբեք ուրիշ նման դրախտ չեմ գտնի»,-ասել է նա:

Նագասակին խոստովանել է, որ բոլոր 30 տարիների ընթացքում ինքը ոչ մի անգամ չի տխրել: «Ես չէի գոյատեւի, եթե տրվեի նման հույզերի»,-պարզաբանել է նա: Նագասակիի անցյալի մասին քիչ բան է հայտնի: Սերեզոյին հաջողվել է պարզել, որ նա ամուսնացած է եղել եւ որ, հնարավոր է, երեխաներ է ունեցել: Բայց ճգնավորը մանրամասներ չի հայտնել: Նա, իր խոսքով, կղզի է մեկնել այն բանից հետո, երբ «սարսափի է մատնվել» շրջակա միջավայրի աղտոտման մասշտաբներից:

Սկզբնապես նա պլանավորում էր այնտեղ անցկացնել մի քանի տարի, բայց դա շարունակվեց գրեթե 30 տարի: «Այստեղ՝ այս կղզում, ես չեմ անում այն, ինչ ինձ ասում են: Ես խաղում եմ բնության կանոններով: Դու չես կարող իշխել բնության վրա, ուստի պարտավոր ես ամբողջովին ենթարկվել նրան»,-հայտարարել է Մասաֆումի Նագասակին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս