Գիտնականները քաղցկեղի չորս տեսակի տարածումն արգելափակելու միջոց են գտել
ԱՄՆ-ի Օրեգոնի նահանգի գիտության եւ առողջության համալսարանի գիտնականները մշակել են մի պատրաստուկ, որն արգելափակում է քաղցկեղի չորս տեսակների, այդ թվում՝ կաթնագեղձի ու շագանակագեղձի, հաստ աղիի եւ թոքերի քաղցկեղի տարածումը: Այդ մասին հաղորդվում է Nature Communications հանդեսում հրապարակված հոդվածում: KBU2046 անվանումը կրող պատրաստուկը փորձարկել են մկների վրա, որոնք մարդու շագանակագեղձի ու կաթնագեղձի, ինչպես նաեւ աղիների ու թոքերի քաղցկեղ են ունեցել:
KBU2046-ի կիրառումից հետո մետաստազները ճնշվել են, եւ նվազել է ոսկորների քայքայումը: Ընդ որում՝ գիտնականները հասել են կողմնակի ազդեցությունների եւ թունավորության ցուցանիշների առավելագույն նվազեցման:
Դոկտոր Ռայմոնդ Բերգանի խոսքով, որը ղեկավարում է հետազոտությունը, պատրաստուկի աշխատանքի սկզբունքը կայանում է այն բանում, որ այն փոխում է HSP90β սպիտակուցի ֆոսֆորայնացումը: «Դեղամիջոցն աշխատում է այնպես, որ, միանալով պրոտեինի հետ, այն կանգնեցնում է բջիջների շարժը, բայց ոչ մի կողմնակի ազդեցություն չի գործում սպիտակուցի վրա»,-պատմել է գիտնականը:
Բերգանի խոսքով՝ գիտնականների խմբին տարիներ են պահանջվել՝ հասկանալու, թե ինչպես կարելի է իրացնել այդ մեխանիզմը: Նա գտնում է, որ իրենց ուղղությունն այս փուլում ավելի հեռանկարային է, քան քաղցկեղի դեմ դեղամիջոցների որոնումը, քանի որ վաղ ախտորոշման դեպքում իրենց պատրաստուկը կկանգնեցնի քաղցկեղային բջիջների բազմացումը եւ կփրկի մարդու կյանքը: Ապագայում գիտնականը պլանավորում է հասնել այն բանին, որ թույլատրվի պատրաստուկը փորձարկել մարդկանց վրա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: