Ակցիայի մասնակիցները գիշերվանից փակել էին Երևանի քաղաքապետարանի մուտքը. վարչապետի օգնականի հայտարարությունից հետո ցրվեցին
Երևանի քաղաքապետարանի մուտքը գիշերվանից փակ էր։ Մի խումբ քաղաքացիներ գիշերը փակել էին քաղաքապետարանի կենտրոնական մուտքը և աշխատակիցներին արգելում էին մուտք գործել շենք և ներկայանալ աշխատանքի։ Ակցիայի կազմակերպիչներին քաղաքապետարանի մոտ էր բերել գիշերը հրապարակված տեսանյութը, որը պարունակում էր հետաքննական նյութ քաղաքապետ Տարոն Մարգարյանի ունեցվածքի առնչությամբ:
Հետաքննությունը նախաձեռնվել էր ՀՀ վարչապետի՝ կոռուպցիայի դեմ պայքարի գծով օգնական Արեն Մկրտչյանի ջանքերով և իրականցվել FACT TV-ի (First AntiCorruption TV, առաջին հակակոռուպցիոն ալիք) կողմից:
«Տեղի են ունեցել հանցագործություններ, որոնք պետք է բացահայտվեն ու մեղավորները պատասխանատվության ենթարկվեն։ Այս պահին չենք պահանջում Տարոն Մարգարյանի հրաժարականը, պարզապես մուտքը փակելով՝ խթանում ենք հանցագործության բացահայտմանը»,- նշեց բողոքի ակցիայի կազմակերպիչ Միքայել Նազարյանը։
Ակցիայի վայր ժամանեց Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը, ով հրաժարվեց իրավական գնահատական տալ հրապարակված տեսանյութի առնչությամբ, սակայն որպես քաղաքական գնահատական ճիշտ համարեց Տարոն Մարգարյանի հրաժարականը: «Նա այն քաղաքական թիմի ներկայացուցիչ է, որն այժմ իշխանության չէ, այդ պատճառով նա ևս պետք է հրաժարվի պաշտոնից»,-«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ասաց պատգամավորը:
Ակցիայի մասնակիցները որոշեցին դադարեցնել իրենց բողոքի գործողությունները, երբ կոռուպցիայի դեմ պայքարի գծով վարչապետի օգնական Արեն Մկրտչյանը «Ֆեյսբուք»-ի իր էջի միջոցով հայտարարություն տարածեց՝ հայտարարելով, որ FACT TV-ի կողմից Տարոն Մարգարյանի ունեցվածքի վերաբերյալ հրապարակված հետաքննական ֆիլմի ամբողջ նյութերը փոխանցվել են ԱԱԾ-ին։
Դրանք կկցվեն «Երևան» հիմնադրամի (հոգաբարձուների խորհրդի նախագահը Տարոն Մարգարյանն է) առնչությամբ հարուցված քրեական գործին։ «Հաղորդման նյութերը ողջ ծավալով փոխանցված են Ազգային անվտանգության ծառայությանը։ Ինչպես գիտեք, «Երևան» հիմնադրամի գործով հարուցված է քրեական գործ։ Այն ընթացքի մեջ է, իսկ փոխանցված նյութերը կկցվեն գործին։ Ես ու հետաքննող ողջ թիմը պատրաստ ենք ներգրավվել քրգործում և որպես վկա կանչվել հարցաքննության»,-նշել է Մկրտչյանը:
Ցույցի կազմակերպիչներից Գրիգոր Գրիգորյանն «Արմենպրես»-ին փոխանցեց, որ քրեական գործ հարուցելու մասով իրենց պահանջն այսքանով բավարարվեց ու իրենք կբացեն քաղաքապետարանի մուտքը։
Ակցիայի մասնակիցները ցանկանում են մուտք գործել Երևանի պատմության թանգարան, սակայն դուռը փակ է՝ չնայած աշխատանքային ժամն արդեն սկսվել է: Նրանց առջև դռները չեն բացվում:
Նորայր Շողիկյան