Փորձագետները կանխատեսում են Էրդողանի հաղթանակը Թուրքիայի նախագահական ընտրություններում
Փորձագետների կանխատեսմամբ՝ Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաղթանակ կտանի հունիսի 24-ին կայանալիք նախագահական ընտրությունների առաջին կամ երկրորդ փուլում, սակայն կարող է կորցնել վերահսկողությունը խորհրդարանում:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, Թուրքիայի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Հասան Օկտայի խոսքով` ընտրություններին Էրդողանը 51-52 տոկոս ձայն կստանա` ընտրվելով հենց առաջին փուլում: «Եթե նա և հիմնական ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության կողմից նախագահի թեկնածու առաջադրված Մուհարեմ Ինջեն անցնեն հաջորդ փուլ, ապա Էրդողանը կհաղթի` մոտավորապես 60 տոկոս ձայն ստանալով»,-նշել է նա:
Ըստ փորձագետի` բացառված չէ, որ առաջին փուլից հետո Ինջեն հանի թեկնածությունը: Այդ դեպքում Էրդողանի հետ կմրցի «Լավ» կուսակցությունից Մերալ Աքշեները, որը, ամենայն հավանականությամբ, առաջին փուլում երրորդ տեղը կզբաղեցնի: