Պարզվել են Վանաձորի բնակչին առևանգելու, ավազակային հարձակում գործելու դեպքի հանգամանքները
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Վանաձոր քաղաքի բնակչին առևանգելու, ավազակությամբ գույքը հափշտակելու դեպքի հանգամանքները. մեղադրանք է առաջադրվել 4 անձի, ևս մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։
Վանաձորի բնակչի առևանգումը տեղի է ունեցել 2017թ. սեպտեմբերի 5-ին. մի խումբ անձինք առևանգել են տղամարդուն, ապա նաև՝ բռնության գործադրմամբ հափշտակել նրա գույքը։
Քննությամբ պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը, անհատականացվել նրանց գործողություններն ու առնչությունը տուժողի հետ։
Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Լոռու մարզի 5 բնակիչները, տեղեկանալով, որ իրենց ծանոթը՝ Վանաձոր քաղաքի բնակիչը, բանկից ստացել է 300 հազար դրամ վարկ և կանխիկացրել, նախնական համաձայնություն են ձեռք բերել այն հափշտակելու հարցի շուրջ: Պլանավորվածի համաձայն՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք Վանաձորի բնակչին առևանգել են, նրա կամքին հակառակ տեղափոխել տարբեր վայրեր և պահանջել հանձնել գումարը: Ստանալով մերժում՝ բռնություն է գործադրվել նրա նկատմամբ՝ բազմաթիվ հարվածներ հասցնելով մարմնի տարբեր մասերին, այնուհետև տղամարդու թաքցրած տեղից գտել են գումարը և հափշտակել այն:
Բացի այդ, իրականացված օբյեկտիվ քննության արդյունքում պարզվել է, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկը, տեղեկանալով, որ կատարվածի մասին հայտնի է դարձել իրավապահներին, հանդիպել է Վանաձորի բնակչին և սպառնացել նրա, նրա ընկերուհու կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրել՝ պահանջելով դեպքի հանգամանքների վերաբերյալ սուտ տեղեկություններ տրամադրել վարույթն իրականացնող մարմնին:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել 4 անձի. նրանցից երեքին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ կետերով և 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, իսկ չորրորդին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրանց մասով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
5-րդ մասնակիցը որպես մեղադրյալ է ներգրավվել ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ կետերով և 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում: 2018 թվականի ապրիլի 8-ին ՌԴ ՆԳՆ Մոսկվա քաղաքի մետրոպոլիտենի ոստիկանության թիվ 5-րդ բաժնի ծառայողների կողմից վերջինս հայտնաբերվել է : Քննարկվում է նրան Հայաստան տեղափոխելու հարցը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: