Դրախտիկի բնակիչները շուտով բնական գազից օգտվելու հնարավորություն կունենան

Գեղարքունիքի մարզի Շողակաթ խոշորացված համայնքի Դրախտիկ գյուղի բնակիչները շուտով կկարողանան օգտվել բնական գազից, որին սպասել են մոտ ութ տարի:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շողակաթ համայնքի ղեկավար Սուլիկո Շուշանյանը, Դրախտիկի գազատարի արտաքին ցանցը կառուցվել է 2007-2010 թվականների ընթացքում պետբյուջեի միջոցներով, սակայն տարբեր պատճառներով չի շահագործվել: 325 տնտեսություն ունեցող գյուղում այժմ անհամբեր սպասում են գազամատակարարման մեկնարկին:

«Գազատարի արտաքին ու ներքին ցանցերը վերականգնված են 100 տոկոսով, տեխնիկակատարողական փաստաթղթերն արդեն պատրաստ են, մնում է միայն միացման թույլտվությունը, որը պետք է տա «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը: Մեր նախնական հաշվարկներով՝ մեկնարկում բաժանորդներ կդառնա 50 ընտանիք, որոնցից 10-ի բնակարանների գազիֆիկացման ծախսերը կհոգա համայնքապետարանը:

Ներքին ցանցը ձգվում է 1 464 մետր, որին մոտ գտնվող բոլոր բնակարանների տերերը համարվում են պոտենցիալ բաժանորդներ: Համայնքապետարանի միջոցներով նախատեսել ենք գազիֆիկացնել նաեւ գյուղի միջնակարգ դպրոցը եւ հանդիսությունների սրահը:

Գազամատակարարման ապահովումը դրախտիկցիների համար եղել է տարիների անլուծելի խնդիր, ինչը վերջապես դրական լուծում է ստանում: Համոզված ենք, որ բնական գազի մատակարարումը լիարժեքորեն կբարելավի դրախտիկցիների կենցաղը, բազմաթիվ կողմերով կնպաստի գյուղի սոցիալ-տնտեսական վերելքին»,-նշեց Սուլիկո Շուշանյանը:

Խոսրով Խլղաթյան

Տեսանյութեր

Լրահոս