Բաժիններ՝

ԱՄՆ-ում մահացել է ժեստերի լեզվին տիրապետող գորիլան

ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգում մահացել է Կոկո անունով գորիլան, որը տիրապետում է ժեստերի ամերիկյան լեզվին: Այդ մասին հաղորդում է Gorilla Foundation կազմակերպության պաշտոնական կայքում հրապարակված մամուլի տեղեկագրում:

«Կոկո գորիլան, որը հայտնի է ժեստերի լեզվի իր արտասովոր տիրապետմամբ եւ իր ոչնչացող տեսակների հիմնական դեսպանն է, 46 տարեկան հասակում քնի մեջ մահացել է հունիսի 20-ի երեկոյան (ԱՄՆ-ի ժամանակով հունիսի 19-ին): Կոկոն, որպես բոլոր գորիլաների դեսպան եւ տեսակների միջեւ հաղորդակցման խորհրդանիշ, ազդեցություն է գործել միլիոնավոր կյանքերի վրա: Նրան շատ էին սիրում եւ շատ են կարոտելու»,-ասվում է մամուլի տեղեկագրում: Կազմակերպության տվյալներով՝ Կոկո անունով արեւմտյան հարթավայրային գորիլան ծնվել է 1971 թվականի հուլիսի 4-ին Սան Ֆրանցիսկո քաղաքում:

1972 թվականին կենդանիների ամերիկացի հոգեբան Ֆրանսին Փեթերսոնն սկսել է նրան սովորեցնել ժեստերի լեզուն: 1974 թվականին Փեթերսոնն ու նրա գործընկեր Ռոնալդ Կոնը Կոկոյին ընդգրկել են Սթենֆորդի համալսարանի նախագծում եւ հիմնել Gorilla Foundation կազմակերպությունը:

Մամուլի տեղեկագրի համաձայն, Կոկոն նկարահավել է մի քանի վավերագրական ֆիլմերում եւ երկու անգամ հայտնվել National Geographic հանդեսի շապիկին: Հանդեսի շապիկի համար առաջին լուսանկարը (1978 թվականի հոկտեմբեր) Կոկոն ինքն է արել՝ իրեն լուսանկարելով հայելու մեջ: Երկրորդ լուսանկարի վրա (1985 թվականի հունվար) նա պատկերված է փոքրիկ կատվին գրկած: Ավելի ուշ հրապարակվել է Koko`s Kitten («Կոկո կատվիկը») մանկական գիրքը, որը ներառված է տարրական դպրոցների ծրագրում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս