Մանվել Գրիգորյանը՝ քավության նոխա՞զ
Արցախի հերոս գեներալ Մանվել Գրիգորյանի կողմից «զինվորի հացը գողանալը» և աշակերտների օգնությունները յուրացնելն արդար վրդովմունք է առաջացրել բոլորիս մեջ։ Հիրավի անարդարացնելի արարք, որ կրկին մտահոգության առիթ է տալիս և հարցականի տակ դնում մարդու զարգացման ուղին՝ homo sapiens-ից՝ մինչև homo empathicus, հատկապես այն պատճառով, որ «գողացվել է ապրիլյան պատերազմի» մասնակիցների՝ արտակարգ վտանգավոր իրավիճակում գտնվողների համար նախատեսված օգնությունը։
Հանրությունը՝ կուսակցական նեղ շահերը մոռանալով, միավորվել է, սակայն, դժբախտաբար, ոչ թե՝ անարդար երևույթի, այլ՝ անարդարությունն իրականացնող անհատի դեմ։ Այո՛, Փաշինյանի վարչապետության օրոք կա իրավական պետություն ստեղծելու հավատ, երբ օրենքի առջև պատասխանատու կլինենք բոլորս հավասարապես, և այս տեսակետից՝ արդար դատաքննության իրավունքը պետք է կիրառվի նաև Մանվել Գրիգորյանի դեպքում։ Իրավական տեսակետից՝ ամեն ինչ պարզ և արդար է, սակայն՝ ոչ բարոյական տեսակետից։
Այն փաստը, որ մենաշնորհային կերպով անարդարացիորեն կողոպտվում էր պետական բյուջեն, հայտնի էր բոլորիս, և, դժբախտաբար, հատուկենտ մարդիկ էին բարձրաձայնում և պայքարում դրա դեմ։ Հանուն արդարության պայքարելը շատ բարդ էր և մեծ զոհաբերություններ էր պահանջում, որին միայն ընտրյալներն էին պատրաստ։
Հետևաբար՝ հասարակությունը ոչ միայն հանդուրժում, այլ խոնարհվում էր մանվելների առջև՝ դրանով իսկ ընդունելով փողի և դիրքի կարևորությունը, և դրանով իսկ՝ խաթարելով մեր հասարակության արժեհամակարգը։ Արդարության համար պայքարը կամ, ավելի շուտ, դրա մասին աղաղակելը դյուրին է այժմ, երբ վարչապետն ինքն է արդարության մարտիկ, իսկ պայքարը կոռուպցիայի դեմ՝ պետական ծրագիր։ Ինչպես, օրինակ, այս հանգամանքներում Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումից զրկելը նույնքան անհեթեթ և զավեշտական է, որքան անհեթեթ և զավեշտական էր այն նախկինում պարգևելը։
Սակայն միայն թվացյալ է, որ դյուրին է պայքարը հանուն արդարության։ Ելման կետն արդարությունն ընդունելով՝ փորձենք տարբերություն գտնել նախկին իշխանությունների կողմից պետական բյուջեի թալանման և Մանվել Գրիգորյանի կողմից «զինվորի հացը գողանալու» միջև։
Ակնհայտ է, որ ոչ մի տարբերություն չկա և չի կարող լինել, քանի որ ՀՀ բյուջեի սիստեմատիկ թալանը նշանակում էր՝ գողանալ Հայաստանի Հանրապետության քաղաքացուց՝ զինվորից, բանտարկյալից, ծնողազուրկ երեխայից, հաշմանդամից, թոշակառուից, գործազուրկից, վատառողջից և, պարզապես ու նախևառաջ, քաղաքացուց՝ զրկելով նրան արժանավայել ապրելու, ինքնադրսևորվելու, կրթության, առողջապահության իրավունքներից։ Հետևաբար, այս պարագայում ավելորդ են հասարակական շոուներ սարքելը և անկեղծ զարմանք խաղալը։
Մենք բոլորս տեղյակ ենք այս իրավիճակի մասին, և պետական յուրաքանչյուր կառույցի ուսումնասիրություն կբացահայտի Մանվել Գրիգորյանի արարքին բարոյական առումով՝ համարժեք, իսկ իրավական առումով՝ ամենատարբեր աստիճանի «գողություններ»։ Այդ բացահայտումները և կոռուպցիայի դեմ պայքարը մեր նոր պետության կերտման անհրաժեշտ, բայց ոչ բավարար և ոչ կարևորագույն խնդիրներն են։ Կարծում ենք՝ ավելի կարևոր և բարդ է փոխել տարիներով աղճատված արժեհամակարգը, երբ հարգանքի արժանանա ոչ թե ունեցվածքի չափը, այլ կուտակման ախտից ձերբազատվելը, ոչ թե՝ երեք տասնյակ շքեղ ավտոմեքենա ունենալը, այլ, ասենք՝ հանուն էկոլոգիայի մաքրության և առողջ ապրելակերպի՝ նախընտրությունը քայլելուն կամ հեծանիվ վարելուն տալը։
Իսկ այս պահին նոր պետության կայացման համար կարևոր է, որ պայքարը հանուն արդարության չքողարկվի՝ հասարակական պարսավանքի ենթարկելով և քավության նոխազի վերածելով Մանվել Գրիգորյանին, որի կատարած «գողությունը» տարբերվում է մնացած համատարած «գողությունից» լոկ շոշափելի նյութական հիմքերով։ Երբ համահասարակական «արդար» պարսավանքն ընտրողաբար ուղղվում է Մանվել Գրիգորյան անհատի դեմ, հարց է առաջանում, թե ինչով է նրա պարզունակ, առարկայական «գողությունն» ավելի հանցավոր, քան մեզ բոլորիս քաջածանոթ հեղինակների «գողությունների» «աննյութեղեն», ստվերային մեխանիզմները, որ սահուն և անխափան գործում են դրամալվացման բոլոր հնարավոր եղանակներով՝ օֆշորային կազմակերպություններից՝ մինչև միջազգային բանկային փոխանցումներ։
Կարծում ենք՝ քավության նոխազներ գտնելը, համահասարակական պարսավանքը և ընտրովի «արդարությունն» անցյալի մնացուկներ են և հարիր չեն իրավական արդար պետություն ստեղծել փորձող ազգին։
Աստղիկ Սիմոնյան