«Ձեր մասնագիտությունն անձնվեր առաքելություն է». Տարոն Մարգարյանը շնորհավորել է Բուժաշխատողի օրը
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուժաշխատողի օրվա առթիվ: Ուղերձում ասվում է.
«Առողջապահության ոլորտի հարգելի աշխատակիցներ,
ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի՝ Բուժաշխատողի օրվա առթիվ:
Սա ևս մեկ առիթ է, որ գնահատենք բոլոր նրանց, ովքեր իրենց երդմանը հավատարիմ, ամեն օր պայքարում են մարդու համար ամենաթանկը՝ առողջությունը պահպանելու և վերականգնելու համար: Ձեր մասնագիտությունն, իրավամբ, անձնվեր առաքելություն է, քանզի ձեզ համար առաջնահերթը մարդկային կյանքեր փրկելն ու մարդկանց բուժելն է՝ անկախ նրանից, թե որտեղ եք այդ պահին, օրվա որ ժամն է կամ քանի օր ու ժամ կպահանջվի դրա համար: Մասնագիտական հմտությունները մինչև վերջ ի սպաս դնելու այդ նվիրումով է նաև պայմանավորված, որ ձեր դերն ու նշանակությունն առանձնակի արժևորված է մեր կյանքում:
Ու ես վստա՛հ եմ, որ այսուհետ ևս կշարունակեք մնալ ձեր կոչմանը, սկզբունքներին և առաքելությանը հավատարիմ՝ արդարացնելով ձեզ ապավինած մարդկանց վստահությունը:
Համոզվա՛ծ եղեք, որ Երևանի քաղաքապետարանն էլ իր հերթին կշարունակի առողջապահության ոլորտում իրականացվող քաղաքային ծրագրերը՝ ուղղված քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատությունների աշխատանքային պայմանների բարելավմանն ու ժամանակակից բուժսարքավորումներով վերազինմանը:
Մեկ անգամ ևս շնորհավորելով բոլորիդ՝ մաղթում եմ քաջառողջություն, երջանկություն և նորանոր ձեռքբերումներ աշխատանքում և անձնական կյանքում»: