«Հայաստանում բուժաշխատողը պետք է ունենա սոցիալական երաշխիքներ». Արսեն Թորոսյանը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ: Նախարարի շնորհավորական խսքում ասում է.
«Սիրելի բուժաշխատող,
Հարգելի գործընկեր,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի առթիվ: Շնորհավորում եմ՝ մեծապես կարևորելով Ձեր դերը թե առողջապահական համակարգում, թե շարքային քաղաքացու կյանքում: Սա ասում եմ՝ համակարգում առկա և Ձեզ անձնապես առնչվող խնդիրներին ծանոթ լինելով:
Առաջին անգամ չէ, որ շեշտում եմ՝ մարդը չի կարող պատշաճ կերպով հոգ տանել մյուսների մասին, եթե իր մասին պատշաճ չեն հոգում: Ուստի բուժաշխատողներին սոցիալապես շատ ավելի պաշտպանված դարձնելու հարցը մեր օրակարգում է: Այժմ քննարկում ենք դրան հասնելու առավել արդյունավետ ուղիները, իսկ այդպիսիք մի քանիսն են:
Այս նպատակին հասնելու ենք քայլ առ քայլ ու հստակ դիրքորոշմամբ՝ Հայաստանում բուժաշխատողը պետք է ունենա սոցիալական երաշխիքներ ու արժանապատիվ փոխհատուցում իր աշխատանքի դիմաց:
Մենք երախտապարտ ենք Ձեզ, որ, հավատարիմ մնալով Ձեր առաքելությանը, գիշեր ու ցերեկ մեծ նվիրումով պայքարում եք մեր քաղաքացիների կյանքի և ապաքինման համար:
Կրկին շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ ու մաղթում առողջություն Ձեզ, Ձեր ընտանիքներին: Ցանկանում եմ, որ աշխատեք առողջ մթնոլորտում և նպաստեք առողջ հասարակություն ունենալուն»: