Բաժիններ՝

ԱՄՆ-ը հայտարարել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից դուրս գալու մասին

ԱՄՆ-ը դուրս է գալիս ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին՝ պետքարտուղար Մայք Փոմպեոյի հետ հրավիրած համատեղ հատուկ մամուլի ասուլիսում:

«Մենք այս քայլին ենք դիմում, որովհետեւ մեր հանձնառությունը (մարդու իրավունքների պաշտպանությանը – խմբ.) մեզ թույլ չի տալիս այն երեսպաշտ կազմակերպության մաս կազմել, որը մարդու իրավունքները վերածում է ծաղրանքի»,- ընդգծել է նա:

Իր հերթին, Փոմպեոն հայտարարել է, որ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը «խախտումների մեջ անհիմն մեղադրում է երկրների, որոնք դրանք չեն կատարել, եւ ըստ որում լռության է մատնում մյուս երկրների խախտումները»: Փոմպեոն կրկնել է Դոնալդ Թրամփի խոսքը, որ Մարդու իրավունքների խորհուրդը «խայտառակության վիթխարի աղբյուր է ՄԱԿ-ի համար»,- քանի որ դրա կազմում կան երկրներ, որոնք մարդու իրավունքների գլխավոր խախտողներն են:

«Երբ կազմակերպությունը խարխլում է մեր ազգային շահերը եւ մեր դաշնակիցների շահերը, մենք չենք չինի դրա մասնակիցները»,- ասել է Փոմպեոն: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կգերադասեր, որ ԱՄՆ-ը մնար ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամ, հայտարարել է նրա ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:

«Մարդու իրավունքների բնագավառում ՄԱԿ-ի մոդելը կարեւոր դեր է խաղում ամբողջ աշխարհում մարդու իրավունքների առաջշարժման եւ պաշտպանության գործում»,- ասված է Դյուժարիկի հայտարարության մեջ: Human Rights Watch (HRW) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը միակողմանի Է որակել Վաշինգտոնի քաղաքականությունը մարդու իրավունքների բնագավառում: «Թրամփին մտահոգում է սոսկ Իսրայելի պաշտպանությունը»,- ասված է HRW-ի գործադիր տնօրեն Քենեթ Ռոթի՝ տարածված հայտարարության մեջ:

ԱՄՆ-ի որոշումը քննադատել են նաեւ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի ղեկավար Բորիս Ջոնսոնը, ինչպես նաեւ Եվրոպայի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին: Իսրայելի կառավարությունն, ընդհակառակը, հայտարարել է, որ շնորհակալ է ԱՄՆ-ին Խորհրդից դուրս գալու «համարձակ որոշման» համար՝ այդ կազմակերպությունը համարելով «կանխակալ, թշնամական, հակաիսրայելական»:

«Իսրայելը ողջունում է ԱՄՆ-ի հայտարարությունը»,- գրել է վարչապետ Բենիամին Նաթանյահուն իր Twitter-ում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս