Իտալիայում գրեթե 60 մարդ են ձերբակալել մաֆիայի հետ կապերի համար
Իտալացի իրավապահներն իսպանացի գործընկերների հետ համատեղ հունիսի 19-ի առավոտյան կատարել են 58 մարդու ձերբակալություն, որոնք Հռոմի ծայրամասերից մեկի մաֆիական խմբավորման մասնակիցներ են: Այդ մասին ասված է Իտալիայի մայրաքաղաքի ոստիկանական վարչության հաղորդագրության մեջ:
Կարաբինավորների, ոստիկանության եւ իսպանական քաղաքացիական գվարդիայի գործողությունն անցկացվում է ոչ միայն Հռոմում, այլեւ Սարդինիայում եւ Մոլիզեի ու Պիեմոնտի մարզերում, ինչպես նաեւ Իսպանիայի տարածքում: Խմբավորումը վերահսկում էր Մոնտեսպակատոյի շրջանը եւ զբաղվում շորթումներով, թմրանյութերի առեւտրով, փողերի լվացմամբ: Նաեւ ձերբակալվածներին մեղսագրվում է մարդու առեւանգում, անօրինականորեն զենք կրելը, կեղծարարություն ձեռնարկատիրական գործունեություն վարելիս:
Նրանց մեղսագրվող հանցագործությունների ցուցակում ծանրացուցիչ հանգամանքը նրանց կազմակերպության մաֆիական բնույթն է: Իտալական արդարադատության համար այդ գործոնը, որպես կանոն, մեծացնում է մեղքը, ինչը հանգեցնում է պատժի ավելի ծանր ժամկետների: Բացի այդ, իրավապահները բռնագրավել են անշարժ գույքի 14 օբյեկտ, 12 առեւտրային ձեռնարկություն, տարբեր փոխադրամիջոցներ եւ ընկերություններում յոթ միլիոն եվրո ընդհանուր գումարի բաժնեմասեր, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: