«Ժառանգությունն» առաջարկում է առաջիկա արտահերթ ընտրություններն անցկացնել «Բլոկչեյն» տեխնոլոգիաների կիրառմամբ
«Ժառանգություն» կուսակցությունն առաջարկում է առաջիկա արտահերթ ընտրություններն անցկացնել աշխարհում նորարարություն համարվող «Բլոկչեյն» տեխնոլոգիաների կիրառմամբ:
Լրագրողների հետ հանդիպմանը, կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ այդ տեխնոլոգիայի կիրառմամբ հնարավոր կլինի ընտրությունների ժամանակ ապահովել «մեկ քաղաքացի, մեկ քվեաթերթիկ, մեկ քվե» սկզբունքը:
«Այս համակարգում տվյալները ներմուծելուց հետո այլևս հնարավոր չի լինի փոփոխել: Այս համակարգի արդյունքում ընտրողների միասնական բազա է ստեղծվում»,-ասաց նա՝ հավելելով, որ հատուկ քաղաքացու դեպքը ֆիքսող սարքերի միջոցով կբացառվի կրկնաքվեարկությունը: «Դեմքի նույնականացումը շատ ավելի ապահով է, քան մատնահետքը: Խցիկում քվեարկությունից հետո քաղաքացու քվեարկությունը կպահպանվի էլեկտրոնային եղանակով և կփոխանցվի բազա, ինչն էլ ավելի հեշտ կդարձնի ընտրություններից հետո հաշվարկների գործընթացը»-ասաց Մարտիրոսյանը:
Նա նշեց, որ իրենց հաշվարկներով 2 միլիոն դոլար է պահանջվում համապատասխան սարքերը ձեռք բերելու համար: «Աշխատակիցների վերապատրաստման գործընթացն ընդամենը մեկ շաբաթ կտևի: «Ժառանգությունն» էլ արդեն աշխատում է ծրագրային ապահովության վրա»,-ընդգծեց Մարտիրոսյանը՝ հավելելով, որ դրա արդյունքում կարող է կրճատվել նաև ընտրական հանձնաժողովի անդամների թիվը:
Կուսակցության նախագահի խոսքով` «Բլոկչեյն» համակարգով ընտրությունների անցկացումը կբարձրացնի Հայաստանի հեղինակությունն աշխարհում: