«Ժողովրդավարությունը Հարավային Կովկասում կայունության և խաղաղության կարևոր գործոն է». Արմեն Աշոտյան
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հաձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հունիսի 18-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատվիրակությանը՝ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Դեյվիդ ՄըքԱլիսթերի գլխավորությամբ:
Ողջունելով հյուրերին ՀՀ ԱԺ-ում՝ Արմեն Աշոտյանն անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական գործընթացներին՝ ընդգծելով այն փաստի կարեւորությունը, որ ՀՀ արտաքին քաղաքական վեկտորում շրջադարձային փոփոխություններ չեն կատարվել:
Անդրադառնալով ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ Արմեն Աշոտյանը կարեւորել է փաստաթղթի վավերացման գործընթացի ավարտը մինչեւ 2019 թվականի Եվրոպական խորհդարանի ընտրությունները:
Այս համատեքստում հանձնաժողովի նախագահն ընդգծել է Եվրոպական խորհրդարանի կողմից ազգային խորհրդարաններին հղված ծանրակշիռ եւ թիրախային ուղերձի կարեւորությունը՝ համաձայնագրի վավերացման հետ կապված անհարկի ուշացումներից խոսափելու համար:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաեւ ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի այն դրույթին, որը նոր խթան է Եվրոպական խորհրդարանի եւ ՀՀ Ազգային ժողովի միջեւ խորհրդարանական համագործակցության ամրապնդման համար: Երկուստեք ընդգծվել է նոր մակարդակի խորհրդարանական համագործակցության ձեւաչափ ունենալու կարեւորությունը, որն ուղղված կլինի ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ համագործակցության խորհրդարանական բաղադրիչի ընդլայնմանը:
Խոսվել է նաեւ տարածաշրջանային զարգացումների մասին: «Ժողովրդավարությունը
Հարավային Կովկասում կայունության եւ խաղաղության կարեւոր գործոն է»,-նշել է Արմեն Աշոտյանը: