Չինաստանը հրապարակեց ԱՄՆ-ից մաքսերով հարկվող 50 մլրդ դոլար գումարի ապրանքների ցուցակը
Չինաստանի իշխանությունները հրապարակել են 659 անուն ներմուծվող ամերիկյան ապրանքերի ցուցակը, որոնց համար կսահմանվեն 25 տոկոսի չափով պատասխան մաքսեր: Այս մասին հայտնել է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով ՉԺՀ-ի Պետխորհուրդը:
Նշվում է, որ ԱՄՆ-ի 545 անուն արտադրանքի, այդ թվում՝ շուրջ 34 միլիարդ դոլար գումարի գյուղատնտեսական ապրանքների, փոխադրամիջոցների եւ ծովամթերքի սակագներն ուժի մեջ կմտնեն 2018 թվականի հուլիսի 6-ին: Էներգետիկայի, քիմիական արդյունաբերության եւ բժշկական սարքավորանքի համար մաքսերի սահմանման ժամկետը հայտնի կլինի ավելի ուշ:
Ավելի վաղ Սպիտակ տունը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները մտադիր է 25 տոկոսի չափով մաքսատուրքեր սահմանել Չինաստանից ներմուծվող՝ 50 միլիարդ դոլար գումարի ապրանքների համար: Սպասվում է, որ դրանք կվերաբերեն այնպիսի ոլորտների, ինչպիսիք են օդատիեզերական արդյունաբերությունը, տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաները, ռոբոտատեխնիկան, արդյունաբերական սարքավորանքը, նոր նյութերը եւ ավտոմոբիլաշինությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: